Տեսչական մարմինների ստուգողական այցերի ընթացքում կասեցվել է շուրջ 1500 տնտեսվարողի գործունեություն

05-06-2020 21:06

Արտակարգ  դրության պայմաններում տեսչական մարմինները իրականացրել են 22 հազար ստուգողական այց, ինչը շատ մեծ ծավալ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին ասաց Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: «Այդ ստուգողական այցերի արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարողի գործունեություն: Միայն հունիսի 5-ի դրությամբ ունենք 796 ստուգում, որի արդյունքում կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեությունը»,- ասաց Ասոյանը: Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը նշեց, որ ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում, որոնք տալիս են ցանկալի արդյունք: «Շուրջ տաս օր նման միջոցառումներ են իրականացվել Դավիթաշեն, Նորք Մարաշ, Փոքր կենտրոն, Մեծ կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններում: Մենք նախօրոք չենք իրազեկելու մեր միջոցառումների մասին, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողները անակնկալի գան և պատասխանատվություն կրեն իրենց վարքագծի համար»,- նշեց Ասոյանը: Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը ընդգծեց, որ այս ցանկում ներառված են բոլոր պետական հիմնարկները և բուժհաստատությունները: «Մենք այսօր կասեցրել ենք Կառավարության 1 և 3 մասնաշենքերում գործող հանրային սննդի կետերի գործունեությունը: Կասեցրել ենք նաև բուժհաստատության գործունեություն, որտեղ ևս խնդիրներ էինք արձանագրել: Ունենք նաև դեպք մանկապարտեզի կասեցման»,-ասաց Ասոյանը:

Lragir.am,
05-06-2020 21:06