ԱԻՆ-ը նախորդ տարվա բյուջեից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել

05-06-2020 22:51

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2019 թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 12,6 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 15,1 մլրդ դրամ: Փաստացի 14,6 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ծրագրի 97%-ը: Եթե այդ մեծությունը համեմատելու լինենք սկզբնական ծրագրի հետ, ապա մենք կունենանք 100%-ը գերազանցող և 16,4% գերակատարում սկզբնական ծրագրի համեմատությամբ»,- ասաց նախարարը: Ջանջուղազյանը նշեց, որ ԱԻՆ-ը նախորդ տարվա ընթացքում 7 միջոցառում է իրականացրել, որոնցից ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել է փրկարար ծառայությունը: «Փրկարար ծառայության համար ճշտված ծրագրով նախատեսվել էր շուրջ 11,1 մլրդ դրամ, փաստացի օգտագործումը կազմել է 10,7 մլրդ դրամ կամ 96,1%-ը»,- նշեց Ջանջուղազյանը:

Lragir.am,
05-06-2020 22:51