Հայաստանյան հրատարակիչները կորոնավիրուսային համավարակի ընթացքում բախվում են բազում դժվարությունների

08-06-2020 10:29

Հայաստանյան հրատարակիչները կորոնավիրուսային համավարակի ընթացքում բախվում են բազում դժվարությունների, և այս դժվարություններին գումարվել են նաև գրքերի անօրինական տարածումները: «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը նշում է՝ գրքերի անօրինական տարածումները կանխելու նպատակով հրատարակիչները համատեղ ջանքերով իրականացնում են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» արշավը՝ փորձելով իրազեկել մարդկանց անօրինական տարածումների խնդրի մասին: «Երբ ստեղծվում է որևէ գրական ստեղծագործություն, հեղինակն այդ ստեղծածի լիարժեք տերն է, նա կարող է վարվել տվյալ գրքի հետ այնպես, ինչպես ցանկանում է: Գրքերը կարող են անվճար տարածվել երկու սկզբունքով՝ եթե հեղինակն է այդպես ցանկանում, կամ եթե հեղինակի մահից անցել է 70 տարի և ստեղծագործությունը համարվում է հանրային սեփականություն: Բայց այստեղ մի կարևոր կետ կա: Օրինակ, Շեքսպիրի գործերը վերջերս թարգմանվել են հայերեն: Շեքսպիր հեղինակի դեպքում հեղինակային իրավունքներն ազատ են, բայց այս դեպքում առկա են գիրքը թարգմանող թարգմանչի, խմբագրի, նկարազարդողի և այլ անձանց հեղինակային իրավունքները: Հետևաբար, տարածելով Շեքսպիրի նոր թարգմանությունները, մարդիկ նույնպես հեղինակային իրավունքի խախտում են թույլ տալիս»,-նշում է Էմին Մկրտչյանը՝ հավելելով, որ հրատարակիչներն անգամ տառատեսակներ են հատուկ ձեռք բերում, որոնց վրա ևս հեղինակային իրավունք է գործում: «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրենի խոսքով՝ այս պահին տարածվում են ոչ միայն դասական, այլև ժամանակակից հեղինակների գործեր, և նման տարածումներն արգելված են թե՛ օրենքով և թե՛ բարոյապես: Էմին Մկրտչյանն առանձհատուկ շեշտում է՝ եթե նման միտումը շարունակական լինի, ապա ընկերությունները չեն կարողանա նոր գրքեր հրատարակել: Նա կոչ է անում անօրինական տարածողներին համագործակցել հրատարակիչների հետ, համատեղ ջանքերով նպաստել ընթերցանության տարածմանը, գրքերի հանրահռչակմանը, սակայն՝ օրինական դաշտում, քանի որ բավականին հեշտ է արգելափակել անօրինական տարածումներով զբաղված անձանց էջերը: «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրենը շեշտում է նաև, որ առանց հրատարակիչների թույլտվության չի կարելի այս կամ այն գրքի աուդիո տարբերակը ձայնագրել և նույնպես տարածել համացանցով: Էմին Մկրտչյանը փաստում է՝ եթե սիրում ես այս կամ այն հեղինակին, ապա կարելի է ենթադրել, որ պետք է հարգես նրա իրավունքները: Եվ այս առումով նա հուսով է, որ նաև «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կրթադաստիարակչական արշավի շնորհիվ առկա խնդիրն արագ լուծում կստանա: Հայաստանում մեծ թափ է ստացել գրքերի անօրինական տարածումը՝  պատճենված, սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տեսքով: Եվ այդ խնդիրը լուծելու նպատակով հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ:  Նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Դարակ», «Արմավ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն» հրատարակչությունները: Բոլոր հրատարակչությունների մասնակցությամբ իրականացվում է մեծամասշտաբ կրթադաստիարակչական արշավ՝ ընդդեմ գրքերի անօրինական տարածման: #ՄիՍպանիրՎաղվաԳիրքը արշավի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նախաձեռնության PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ

Lragir.am,
08-06-2020 10:29