«Բարև, ես Ջորջ Վեան եմ, կարող եմ լավ ֆուտբոլիստի առաջարկել»․ ԱՊԼ-ի վատագույն տրանսֆերի պատմությունը

23-07-2020 16:13

1996 թվական՝ նոյեմբերի 23: Անգլիայի Պրեմիեր-լիգայի 14-րդ տուրի Սաութհեմպտոն – Լիդս Յունայթեդ խաղից առաջ «Սրբերի» գլխավոր մարզիչ Գրեմ Սունեսը կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնում: Հիմնական կազմի երկու հարձակվողները վնասվածքների պատճառով բաց են թողնում հանդիպումը, այդ իսկ պատճառով կիսապաշտպան Մեթ Լե Տիսիեն խաղը սկսում է իր համար անսովոր դիրքում:  Սաութհեմպտոնի գլխավոր մարզչի համար ամեն ինչ էլ ավելի է բարդանում, երբ Լե Տիսիեն խաղի մեկնարկից կես ժամ անց վնասվածք է ստանում: Սունեսը որոշում է նրա փոխարեն դաշտ դուրս բերել թիմի նորեկ Ալի Դիային: Շոտլանդացի մասնագետը շատ արագ փոշմանում է իր կատարած փոխարինման համար: Դիան դաշտում անցկացնում է 56 րոպե, երկրպագուներին շոկի մեջ է գցում և փոխարինվում խաղավերջում:  Խաղից անմիջապես հետո Սաութհեմպտոնը խզում է պայմանագիրը սենեգալցի հարձակվողի հետ: Ինչպես հետագայում պարզվում է, Ալին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ չէր և իր գործերը դասավորել էր կեղծ զանգի միջոցով: Զարմանալի չէ, որ նրա տրանսֆերը համարվում է վատագույնը Անգլիական ֆուտբոլի պատմության մեջ:  Ի՞նչ ճանապարհով էր Ալին կարողացել դառնալ Սաութհեմպտոնի ֆուտբոլիստ:  1990-ականներին ֆուտբոլային ակումբները չունեին մեր ժամանակների ռեսուրսները, որպեսզի հետևեին աշխարհի տարբեր անկյուններում հանդես եկող խաղացողներին: Սկաուտներ կային, սակայն նրանց հնարավորությունները անհամեմատելի ավելի քիչ էին, քան հիմա:  Դիայի տրանսֆերի պատմությունը վերը նշված իրավիճակի արդյունքն է: 1996 թվականին Գրեմ Սունեսը զանգ է ստանում: Զանգահարողը ներկայանում է որպես Ջորջ Վեա՝ Ոսկե Գնդակի դափնեկիր, Միլանի հարձակվող և Լիբերիայի ապագա նախագահը: Վեան խորհուրդ է տալիս Սունեսին գնել ոմն Ալի Դիայի, ով մեծ պոտենցիալ ունեցող հարձակվող է: Տեղեկատվական տեխնոլոգիաների բացակայության պայմաններում աֆրիկացիների տրանսֆերներում մեծ դեր էին ունենում սև մայրցամաքի հայտնի ֆուտբոլիստները, ովքեր հանդես էին գալիս որպես միջնորդներ: "@unibet: #HappyBirthday to the #BPL legend that is Ali Dia! #SaintsFC pic.twitter.com/W3CSBpQlO9" Ali Dia is a liar… — Megan Owen (@MegstasBar) August 20, 2015 Սունեսը, ընդունելով «Վեայի» խորհուրդը, ասում է, որ կկանչի Դիային և հնարավորություն կտա վերջինիս մարզվել առաջին թիմի հետ: Հետագայում մարզիչը պնդում էր, որ առաջին իսկ վայրկյանից հասկացել էր, որ Ալին չի համապատասխանում Սաութհեմպտոնի մակարդակին, սակայն որոշել էր նրան շանս տալ՝ հաշվի առնելով կազմի հետ կապված կադրային խնդիրները: Հետաքրքիր է, որ Վեայի անունով ներկայացողը հենց Դիան էր, ով այպիսի հնարամիտ ձևով որոշել էր իրականացնել իր երազանքը և խաղալ պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Իր երազանքն իրականցնելու փոխարեն Ալին դարձավ ծիծաղի առարկա: Ինչ-որ առումով, Դիան լեգենդ է: Սաութհեմպտոնի խանութներում կարելի է մինչ օրս 80 եվրոյով գնել ակումբի պատմության վատագույն ֆուտբոլիստներից մեկի մարզաշապիկը:  Սաութհեմպտոնը միակ ակումբը չէ, որին Դիան խաբել էր: Մինչ Անգլիա տեղափոխվելը սենեգալցին խաղացել է ֆրանսիական ցածր դիվիզիոնների ակումբներում, Ֆինլանդիայի բարձրագույն լիգայում, ինչպես նաև երկրորդ Բունդեսլիգայում:  Ֆիննական ՖիննՊա ակումբի նախկին ֆուտբոլիստները, վերհիշելով Դիայի հետ անցկացրած ժամանակը, պատմում են՝ որքան հեռու էր նա պրոֆեսիոնալ մակարդակից: Խաղերից մեկի ընթացքում հարձակվողը 10 անգամ հայտնվել էր խաղից դուրս վիճակում: Ֆինլանդիայում պնդում են, որ սա միակ նշանակալից բանն է, որ Ալին արել է հյուսիսային Եվրոպայում: Նմանատիպ իրավիճաներ տեղի էին ունենում նաև գերմանական Լյուբեկում, որտեղ Դիային երկու խաղ հանդուրժեցին: Ինքը Ալին պնդում է, որ 1988-89 մրցաշրջանում խաղացել է Պարի-Սեն Ժերմենի կազմում և նույնիսկ հաղթել Փարիզի գավաթում: Սակայն նույնիսկ ֆրանսիական ցածր դիվիզիոնների ակումբները պնդում են, որ իրենց կազմում ոչ մի Ալի Դիա չի եղել, չնայած նրան, որ վիկիպեդիայում այդ ակումբների անունները նշված են նախկին ֆուտբոլիստի կարիերայում:  Ի՞նչ եղավ Դիային ֆուտբոլային կարիերայից հետո:  Սենեգալցու մայրը տարիներ անց հարցազրույցներից մեկում ասաց, որ Ալին ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի տնտեսագիտական բաժինը և մինչև 2005 թվականը աշխատել է Կատարի բանկերից մեկում: Այնուհետև Դիան մեկնել է Անգլիա և տեղի բանկերում փորձել իր կարողությունները:  Ալին բացի բոլորին խաբելուց ունի նաև երկրորդ յուրահատուկ տաղանդը՝ անհետանալ: Որոշ ակումբներից Դիան հեռանում էր առանց տեղեկացնելու: Ինչպես ֆուտբոլային կարիերայի ընթացքում, այդպես էլ դրանից հետո, Ջորջ Վեայի «բարեկամը» սիրում է անհետանալ տեսադաշտից: Եվրոպական մամուլը հաճախ է փորձում կապ հաստատել նրա հետ, սակայն վերջինս անընդհատ խուսափում է հարցազրույցներից: Բրիտանական պարբերականներից մեկը կարողացել էր գտնել Դիայի հեռախոսահամարը, սակայն Ալին այնքան էր վախեցել, որ երկու օր անց փոխել էր այն:  Bleacher Report պարբերականի լրագրողները կարողացել էին գտնել սենեգալցու որդուն՝ Սիմոնին: Ներկայացնում ենք հատված վերջինիս հարցազրույցից:  «Հավատացնում եմ, իմ հայրը Ջորջ Վեայի եղբայրը չէ: Նա երբեք չի խոսել ինձ հետ այդ թեմաներով, սակայն ես գիտեմ ճշմարտությունը: Նա ստել է: Ես գիտեմ՝ ինչի է ունակ հայրս հաջողության հասնելու համար»:  21-րդ տարի երկրորդ տասնամյակում համաշխարհային ֆուտբոլում բարդ է նման իրավիճակ պատկերացնելը: Շատերը պնդում են, որ Սաութհեմպտոնի նախկին հարձակվողի անունը Ալի Դիա չէ: Սենեգալյան ակումբները ասում են, որ իրենց մոտ երբեք այդպիսի ֆուտբոլիստ չի եղել: Բոլորը ժխտում են Ալի Դիայի գոյությունը: Սակայն փաստը մնում է փաստ, որ նրա 53 րոպեն անգլիական ֆուտբոլում հերիք էին պատմության մեջ մտնելու համար:  Հոդվածում օգտագործվել են նյութեր Bleacher Report, Championat պարբերականներից: 

Lragir.am,
23-07-2020 16:13