01-08-2020 19:08

Ի՞նչ ասել է ֆուտբոլիստի տեխնիկա: Երկրպագուներն առաջին հերթին այս արտահայտությունը կապում են ֆինտերի ու դրիբլինգի հետ: Նման մակերեսային պատկերացումը հասել է այն աստիճան մառազմի, որ նույնիսկ եվրոպական ակումբները երբեմն պայմանագիր են կնքում երիտասարդ ֆուտբոլիստի հետ՝ դիտելով նրա մի քանի հնարքներ Յութուբի տեսանյութերով:  Այո՛, հնարքներն ու դրիբլինգը նույնպես տեխնիկայի մաս են կազմում: Նեյմարը, Ռոնալդինյոն, Քրիշտիանու Ռոնալդուն երիտասարդներին հիացնում են էլաստիկոներով, ծիածաններով և այլ ֆինտերով: Քանի որ մարդկանց միշտ ավելի շատ դուր է գալիս զվարճալի բովանդակությունը, նրանք մոռանում են խաղի այլ կարևոր ասպետկների մասին:  Ի՞նչ ասել է ֆուտբոլիստի տեխնիկա: Դա առաջին հերթին ժամանակի և տարածության հետ ներդաշնակությունն է դաշտում, խաղի ժամանակ: Տեխնիկան առանց գնդակի շարժվելու, թիմակիցների և ինքդ քեզ համար տարածություն ստեղծելու, գնդակը ժամանակին ճիշտ ուղղությամբ փոխանցելու շնորհքն է: Այս բոլոր հատկություններով օժտված էր 2000-ականների Արգենտինայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը՝ Պաբլո Այմարը: Մեսսին վերջինիս համարում է իր կուռքը, իսկ Մարադոնան ասում էր, որ Պաբլոն միակ ֆուտբոլիստն է, ում խաղը նայելու համար ինքը պատրաստ է փող տալ:  Ինչպե՞ս դասավորվեց El Mago-ի (Հրաշագործի) կարիերան: Ի՞նչ հաջողությունների հասավ Այմարն իր կարիերայի ընթացքում և ի՞նչ դեր ունեցան վնասվածքներն ու մարզիչները:  Այմարը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 3-ին, Արգենտինայի Կորդոբա նահանգի Ռիո Կուարտո քաղաքում (որը համարվում է մի շարք հայտնի ֆուտբոլիստների ծննդավայր): Փոքր տարիքից Պաբլոյի ամենասիրելի զբաղմունքը գնդակով խաղալն էր: Նա մշտապես առանձնանում էր իր տարիքակիցների ֆոնին՝ ցույց տալով գեղեցիկ և թեթև ֆուտբոլ:  Ֆուտբոլում իր առաջին քայլերը Այմարը կատարեց հայրենի նահանգում, սակայն արդեն 13 տարեկանում տեղափոխվեց Բուենոս Այրես, որպեսզի հանդես գա Ռիվեր Պլեյտի ակադեմիայում: Այմարի հայրը՝ Ռիկարդոն, ցանկանում էր, որպեսզի որդին բժիշկ դառնա: Չնայած ֆուտբոլի նկատմամբ իր սիրուն, Այմար ավագը չէր հավատում, որ Պաբլոն կարող է հաջողակ կարիերա ունենալ: Վերջինիս Ռիվեր Պլեյտի ակադեմիա ընդունվելու գործում մեծ դեր ունեցավ արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դանիել Պասարելան, ով համոզեց Ռիկարդոյին որդու ունակությունների հարցում:  Ռիվերի առաջին թիմի կազմում Այմարն առաջին անգամ դաշտ դուրս եկավ 16 տարեկան հասակում: Նրա խաղն ապշեցուցիչ էր: Լինելով չափերով ավելի փոքր, քան իր թիմակիցները, Պաբլոն իր թերությունը լրացնում էր խաղային ինտելեկտով և աշխատասիրությամբ: Միլիոնատերերի (Ռիվեր Պլեյտի մականունը) երկրպագուները միանգամից սիրեցին իրենց նոր փլեյմեյքերին և դաշտ էին գալիս առաջին հերթին նրա կախարդական խաղին հետևելու համար:  Պաբլո Այմարը Ռիվեր Պլեյտի կազմում Այմարով հիացած էին նաև նրա աստղային թիմակիցները: Չիլիական ֆուտբոլի լեգենդ Մարսելո Սալասն ասում էր․  -Նա կարող է քո համար բաց տարածություն գտնել նույնիսկ այնպիսի իրավիճակներում, երբ թվում է՝ բոլոր պաշտպանները փակել են քեզ:  Այմարի արտակարգ ֆուտբոլով հիացած էր նաև Դիեգո Մարադոնան: Վերջինս պնդում էր, որ Պաբլոն իր հետնորդն է: Իհարկե, Մարադոնան շատերի մասին է այդպես ասել, սակայն Այմարի դեպքում ոչ մեկ չէր կասկածում լեգենդի խոսքերի վրա: Մարադոնայի խոսքերի շնորհիվ Ռիվերի առաջատարի տրանսֆերային արժեքն ավելի բարձրացավ:  2000 թվականին նրան ցանկանում էին գնել Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի լավագույն թիմերը: Այմարի ընտրությունը դժվարներից չէր: Նա ընդունեց Վալենսիայի առաջարկը և 2001-ի հունվարին միացավ Չղջիկներին:  Չնայած Լա Լիգայում Վալենսիան միջին մակարդակի ելույթներ ունեցավ, իսպանական գրանդը Չեմպիոնների լիգայում հասավ եզրափակիչ, որտեղ 11-մետրանոցներով պարտվեց Բավարիային: Այմարը եզրափակիչը սկսեց մեկնարկային կազմում, սակայն թույլ խաղի հետևանքով Էկտոր Կուպերը ընդմիջմանը փոխարինեց նրան:  Հաջորդ մրցաշրջանում Կուպերը հեռացավ Ինտեր, իսկ Վալենսիան գլխավորեց Ռաֆա Բենիտեսը: Իսպանացի մասնագետը խաղը կառուցում էր պաշտպանության վրա, սակայն Այմարը երբեք այս համակարգում զոհ չդարձավ: Ընդհակառակը, Բենիտեսը տեսնում էր, որ Պաբլոն թիմին կարող է օգուտ տալ, եթե նրան դաշտում ազատություն տրվեր: Այմարը 4-2-3-1 սխեմայում խաղում էր 10 համարի՝ փլեյմեյքերի դիրքում: Բենիտեսի օրոք արգենտինացին իր լավագույն ֆուտբոլն էր ցույց տալիս: Այնպիսի տպավորություն էր, կարծես նա ճախրում է դաշտում: Ֆիզիկական պայքարը Այմարի մասին չէր: Նրան բնորոշ էին թեթևությունը, իրական ֆուտբոլային տեխնիկան, որով նա կարողանում էր իր թիմակիցների համար բաց տարածություններ ստեղծել, գոլային փոխանցումներ կատարել և գեղեցկացնել խաղը:  Պաբլո Այմարը Վալենսիայի կազմում (լուսանկարը՝ AP Photo/ Fernando Bustamante) 2001/02 մրցաշրջանում Վալենսիան դարձավ Իսպանիայի չեմպիոն: Բենիտեսն իր պիկին հասավ 2003/04 մրցաշրջանում, երբ վերադարձրեց Լա Լիգայի գավաթը և հաղթեց ՈւԵՖԱ-ի գավաթում: 2004-ը ակումբի պատմության մեջ լավագույնն էր, Այմարը՝ այդ հաջողությունների գլխավոր դիրիժորը:  Ամեն ինչ էլ ավելի լավ կդասարվորվեր ֆուտբոլիստի համար, եթե չլինեին վնասվածքները: Դրանք Այմարին հետապնդում էին ամբողջ կարիերայի ընթացքում և նրա հետագա անհաջող ելույթների պատճառ դարձան:  2004-ին Բենիտեսը հեռացավ Լիվերպուլ, իսկ Վալենսիայի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Կլաուդիո Ռանիերին, ով Այմարին տեղափոխեց ձախ եզր՝ սահմանափակելով նրա ունակություններն ու ֆունկցիաները: Իտալացու որոշումը + վնասվածքները Այմարի՝ Վալենսիայից հեռանալու պատճառները դարձան:  Եվրոպական լրատվամիջոցները վստահ էին, որ Պաբլոն իր կարիերան շարունակելու է Լիվերպուլում՝ Ռաֆա Բենիտեսի հետ, սակայն ի զարմանս բոլորի, Այմարն ընտրեց Սարագոսան: Պատճառը պարզ էր․ Պաբլոն ցանկանում էր ազատություն ունենալ դաշտում, իսկ արագոնյան ակումբը նրան կտրամադրեր այդ հնարավորությունը:  Ընդհանուր առմամբ Այմարը Սարագոսայում 2 մրցաշրջան անցկացրեց: 2006/07-ին նրա թիմը 6-րդ տեղը զբաղեցրեց Լա Լիգայում, իսկ արգենտինացին նորից դուրս եկավ նախկին մակարդակի վրա՝ խփելով 5 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում: 2007-ին կրկին միջամտեցին վնասվածքները, ինչի պատճառով կիսապաշտպանը վատ մրցաշրջան անցկացրեց, իսկ 2008-ին, ակումբում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվեց Բենֆիկա:  Այմարը Բենֆիկայի կազմում (լուսանկարը՝ Բենֆիկայի պաշտոնական կայքից) Պորտուգալիան վերջին երկիրն էր, որտեղ Այմարը նորից լավ մարզավիճակ հավաքեց: Նրա և երիտասարդ Անխել Դի Մարիայի խաղը հիացնում էր երկրպագուներին: Լիսաբոնում անցկացրած 5 տարիների ընթացքում Պաբլոն դարձավ երկրի չեմպիոն, նվաճեց ազգային գավաթը և խաղաց Եվրոպայի լիգայի եզրափակիչում: Հետագայում, Այմարը խաղաց Մալայզիայում, Ռիվեր Պլեյտում և 2015-ին ավարտեց կարիերան:  Արգենտինացու լավագույն տարիները մնացին Ռիվեր Պլեյտում և Վալենսիայում: El Mago-ին այսօր ավելի ու ավելի քիչ են հիշում: Իր ճակատագրով Այմարը նման է Արիել Օրտեգային և Խուան Ռոման Ռիկելմեին: Երեքն էլ ֆանտաստիկ ֆուտբոլիստներ էին և իրենց պոտենցիալով չէին զիջում ո՛չ Մարադոնային, ո՛չ էլ Մեսսիին: Սակայն երեքի կարիերաներն էլ լիարժեք չստացվեցին արտաքին հանգամանքների բերումով:  Այմարն այն ֆուտբոլիստներից էր, ում խաղը դիտելու համար մարդիկ գնում էին մարզադաշտեր և միացնում էին իրենց հեռուստացույցները: Քչերն են կարողանում այդպիսի թեթև, փափուկ և խելացի խաղ ցույց տալ: Իզուր չէ, որ նա Մեսսիի կուռքն է:  Հոդվածում օգտագործվել են նյութեր The Guardian և These Football Times պարբերականներից:  Այս և նմանատիպ այլ հոդվածներին հետևելու համար կարող եք հետևել Lragir Sports ֆեյսբուքյան էջին:

Lragir.am,
01-08-2020 19:08