5 քաղաքացիներ անտառի սունկ են կերել և թունավորվել

01-08-2020 21:20

Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանցից մեկը դուրս է գրվել, իսկ մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ներկայումս տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները կրկին զգուշացնում են. • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, • չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, • ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել, • սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը, • չուտել հում սունկ, • երեխաներին չկերակրել սնկով, • աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, • սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր, • չզբաղվել ինքնաբուժմամբ:

Lragir.am,
01-08-2020 21:20