Նոր հենակետ՝ Հայաստանի պատասխանը Նախիջեւանի զորավարժությանը

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը տարածեց տեղեկություն, որ Արցախ այցելած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է նաեւ Հայաստանի հարավարեւմտյան սահմանագոտում՝ «այնտեղ տեղադրված մարտական նոր դիրքում», դիտարկել գոտին, տվել հանձնարարականներ: Հայաստանի հարավարեւմտյան սահմանը Նախիջեւանի հետ է, որտեղ ինչպես հայտնի է, անցկացվում է թուրք-ադրբեջանական զորավարժություն, եւ Նախիջեւանում է թուրքական զորք ու ռազմատեխնիկա: Նախիջեւանի, եւ ընդհանրապես ադրբեջանա- թուրքական զորավարժությունն անկասկած ուժի ցուցադրություն է, բայց թյուր է տպավորությունը, թե դա ուժի ցուցադրություն է Հայաստանին: Դա ուժի ցուցադրություն է բոլորին՝ ռեգիոնալ անվտանգության համակարգի շահառու բոլոր պետություններին, թե ռեգիոնալ, թե ռեգիոնին ոչ սահմանակից: Միեւնույն ժամանակ, թուրքական ուժի ցուցադրությունն ունի թերեւս որոշակի մեկնության կարիք, թեեւ խոշոր հաշվով արդեն վաղուց «անմեկնելի են Էրդողանի» մտորումները, քանի որ նա մի կողմից զրկված է արգելակներից, մյուս կողմից՝ նահանջի հնարավորությունից: Այդուհանդերձ, Թուրքիայի ուժի ցուցադրության բուն նպատակը թերեւս ոչ այնքան Կովկասում այսպես ասած էքսպանսիան է, այլ երեւի թե Արցախից ավելին կորցնելը բացառելու մասին ազդակը: Տավուշի ադրբեջանա-թուրքական սադրանքին ի պատասխան` Հայաստանի ասիմետրիկ ռազմավարական խոցումն ընդգծեց ադրբեջանական պետականության կամ պետության ճգնաժամը եւ ռեգիոնալ օրակարգում այդ հարցի առկայությունը: Թուրք- ադրբեջանական զորավարժությամբ Անկարան ազդակ է հղում երեւի թե առավելապես այդ ուղղությամբ, որ Ադրբեջանից չի զիջի կամ տանուլ չի տա ավելին, քան տվել է արցախյան առաջին պատերազմում: Դա չի նշանակում, որ Անկարան հաշտվել է այդ կորստի հետ եւ չի փայփայում թե այն, թե բազմակի ավելին հետ բերելու ռազմավարական հույս եւ մտադրություն: Այդուհանդերձ, ներկայիս իրողությունների պայմաններում Անկարայի բուն ազդակն ու խնդիրը ցույց տալն է, որ չի զիջի կամ տանուլ չի տա արդեն տվածից ավելին: Միաժամանակ, եթե Անկարան տեսնում է այդպիսի խնդիր, կնշանակի, որ ռիսկը գնահատում է իրական եւ ակնարկում, որ նոր կորուստ թույլ չտալու համար պատրաստ է լուրջ դիմակայության: Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի համար առանցքային է Նախիջեւանը, թե որպես «կռիվ տալու» հենակետ, թե որպես նվազագույն ավար, եթե անգամ ստիպված լինի Ադրբեջանից ինչ որ բան տանուլ տալ դարձյալ: Բանն այն է, որ այդ հարցում Թուրքիան մենակ է գործնականում ուժային կենտրոնների մի ամբողջ խմբի դեմ: Ադրբեջանի հարցում Թուրքիան մենակ է, իսկ Նախիջեւանի՞ հարցում: Չի բացառվում, որ այստեղ Անկարային ընկերակցի Ռուսաստանը, Ադրբեջանից որեւէ էական բան ստանալու դիմաց: Այլ կերպ ասած, ինչպես որ Նախիջեւանը դարձել էր ռուս-թուրքական պայմանավորվածության առարկա մեկ դար առաջ, նույնպիսին լինի նաեւ այժմ, պարզապես հակառակ ուղղությամբ: Միայն թե, եթե մեկ դար առաջ Նախիջեւանը խորհրդային Ադրբեջանի միջոցով անցավ Ռուսաստանին հայկական գավառների դիմաց, այժմ Նախիջեւանը կարող է անցնել Թուրքիային, իսկ Ռուսաստանը կարող է ստանալ ինչ-որ բան Կասպիցի ավազանում: Հնարավո՞ր է այդպիսի փոխանակում կամ պայմանավորվածություն, թե ոչ: Ռուս-թուրքական հարաբերությունում հնարավոր է ամեն ինչ: Հայաստանն էլ պետք է աշխատի թերեւս այդ կանխավարկածով: Այդ իմաստով, հարավարեւմտյան սահմանագոտում «նոր մարտական հենակետի» մասին տեղեկությունը Հայաստանի լայն պատասխանն է Նախիջեւանի վարժանքին, թերեւս այն համատեքստով, որ Հայաստանն այդ ուղղությամբ լինելով դիտարկող, չի լինի դիտորդ: Երեւանն ընտրու՞մ է Նախիջեւանի հանդեպ իրավունքի քաղաքական դիրքավորման պահը: Նախիջեւանի մարտական դիրքերի ամրությունն այդ հանգամանքի հետ փոխազդված կապի մեջ է, մեկը թույլ է լինելու առանց մյուսի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
01-08-2020 22:07