Լուծման միակ ընդունելի և ճիշտ տարբերակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է. «STARMUS» փառատոնի հիմնադիր Գ. Իսրայելյան

17-10-2020 10:18

«STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս, հայազգի Գարիկ Իսրայելյանն իսպանական հայտնի RTVC հեռուստաընկերության «Atlántico Noticias» հաղորդման ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: «Առաջին անգամ է, որ հարցազրույց եմ տալիս ոչ թե աստղագիտության կամ սև խոռոչների, այլ ավելի զգայուն ու կարևոր թեմայի վերաբերյալ: Նախ, ուզում եմ շեշտել երեք կարևոր դիտարկում, որոնք հայտնի են ԵՄ-ին, Ֆրանսիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին: Առաջինը՝ խաղաղության զինադադարը, որը գործում էր շուրջ 26 տարի՝ սկսած 1994 թվականից, սեպտեմբերի 27-ին խախտել են Ադրբեջանը և Թուրքիան: Այո՛, նրանք են սկսել այս պատերազմը: Երկրորդ դիտարկումը, որը հայտնի է բոլոր երկրներին, այն է, որ Թուրքիան Լիբիայից և Սիրիայից ահաբեկիչներ է ուղարկում Արցախ՝ կռվելու 150.000 հայ խաղաղ քրիստոնյաների դեմ: Հետևաբար, այս խնդիրն ավելի լուրջ է, քանի որ վերաբերում է ամբողջ Հարավային Կովկասին: Երրորդ կարևոր դիտարկումն այն է, որ այս անգամ Էրդողանն ուղղակիորեն մտել է պատերազմի մեջ՝ որպես հակամարտող կողմ, ուստի հիմա հայերը կռվում են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեմ: Պարզ է, որ այս պարագայում խաղաղության հասնելն ավելի դժվար է լինելու: Հարձակումների հետևանքով թիրախավորվում են հատկապես դպրոցները, եկեղեցիներն ու հիվանդանոցները, սպանվում են խաղաղ բնակիչները»,-արձանագրել է Գարիկ Իսրայելյանը: Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք խաղաղության հասնելն առավել բարդ չէ ռուս-թուրքական հակասությունների և COVID-ի ֆոնին, աստղաֆիզիկոսը պատասխանել է. «Այո՛, միանշանակ, քանի որ այս պատերազմում կա մի նոր կողմ՝ ի դեմս Էրդողանի, որ անհագ նկրտումներ ունի Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, իսկ հիմա նաև Կովկասում՝ ձգտելով հասնել Օսմանյան նոր կայսրության ստեղծմանը»: Մեկ այլ հարցի, թե արդյոք աստղագետը հարազատներ ունի Արցախում, Գարիկ Իսրայելյանը պատասխանել է, որ ունի և ծանոթ է Արցախի քաջ և անկոտրում ոգի ունեցող ժողովրդին: Աստղաֆիզիկոսը խոսել է նաև Արցախի հայկական մշակութային ժառանգության մասին՝ հիշատակելով Ամարաս վանական համալիրը՝ որպես հնագույն կրթական կառույց: Նրա խոսքով՝ Արցախը երբեք Թուրքական կայսրության կազմում չի եղել՝ Պարսկական և Ռուսական տերություններում իր գոյության ամբողջ ընթացքում պահպանելով անկախությունն ու հատուկ կարգավիճակը: Իսկ ինչպես կարելի է հասնել խաղաղության հարցին՝ Գ.Իսրայելյանը պատասխանել է՝ այս դեպքում, երբ Ադրբեջանն անցել է բոլոր հնարավոր կարմիր գծերը, միակ ընդունելի և ճիշտ տարբերակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է:

Lragir.am,
17-10-2020 10:18