Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկները մեկնում են կրկին վերադառնալու պատրաստակամությամբ

17-10-2020 21:26

Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների խումբը հոկտեմբերի 18-ին կվերադառնա Ֆրանսիա. Ֆրանսիայից ժամանած վիրաբույժներն ու բուժքույրերը հոկտեմբերի 13-ից կամավորական հիմունքներով աշխատել են Երևանի, Գորիսի ու Ստեփանակերտի հիվանդանոցներում, աջակցել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու հարցում: Նրանք Հայաստանում են ֆրանսահայ բժիշկ Լևոն Խաչատրյանի հրավերով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Լևոն Խաչատրյանը, խմբի որոշ անդամներ ունեն պատերազմական գոտիներում աշխատելու փորձ: «Մեր թիմը ունի ռազմական վիրաբուժության փորձ, քանի որ թիմի որոշ անդամներ եղել են պատերազմական գոտիներում: Ինձ  թվում է ինչ-որ չափով օգուտ տվեցինք, թե՛ մեր գործընկերներին, թե՛ վիրավորներին», ասում է սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը: Անդրադառնալով  վիրավորների վիճակին՝ նա տեղեկացրեց, որ շատերին երկարատև բուժում է հարկավոր: «Մեր թիմը  ունի ռազմական վիրաբուժության փորձ, քանի որ թիմի որոշ անդամներ եղել են պատերազմական գոտիներում», նշեց վիրաբույժ Լևոն Խաչատրյանը: Նրան զարմացրել է վիրավոր զինվորների հպարտ կեցվածքը. շատերը հնարավորինս արագ մարտի դաշտ վերադառնալու ցանկություն են հայտնել: Լևոն Խաչատրյանը հայտնեց, որ ֆրանսիացի բժիշկների խումբը ցանկություն ունի նորից վերադառնալ Հայաստան: «Վիրավորներից շատերը դեռ երկար են բուժվելու. նրանց կյանք վերադարձնելու համար բազմաթիվ բժշկական միջամտությունների կարիք կա: Մեր գործընկերների հետ եկանք համաձայնության, որ մոտ ապագայում նորից կայցելեն Հայաստան՝ անհրաժեշտ բժշկական միջամտություն կկատարելու համար»,- նշեց Լևոն Խաչատրյանը:

Lragir.am,
17-10-2020 21:26