Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց ադրբեջանական հրետակոծումների հետեւանքները

17-10-2020 22:40

Արցախի դեմ պատերազմ սկսելուն զուգահեռ հակառակորդը նաև ՀՀ Գեղարքունիքի մարզում է որոշ վայրերում իրականացրել հրթիռակոծում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Դրա հետևանքով մենք Մեծ Մասրիկ համայնքում ունեցանք զոհ, երկու վիրավորներ: Եվ վերջերս նաև 14-ամյա Նարեկը վիրավորվեց նման խոցման հետևանքով: Մարզում վնասվել են շուրջ 40 առանձնատներ, 2 դպրոց: Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն ամբողջ տունը փլուզվեց, նաև հարակից գազատարը վնասվեց, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որոնք բերում են նրան, որ նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու խնդիր է առաջանում: Ընդհանուր առմամբ մարզի բնակչությունն առաջին օրերից հետո սկսել է սովորել այդ գործողություններին և բավական լավ քաղաքացիական պաշտպանության է անցել: Դրա արդյունքում է, որ մարզում բնակչությունը կարողանում է խուսափել ավելի մեծ թվով վիրավորներից կամ զոհերից»,- ասաց նա: Մինչև այսօր Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ-ներ: Դրանք միայն Վարդենիսում չեն խոցվել, նաև Մարտունու ու Գավառի տարածաշրջանում են խոցվել, ասաց Սանոսյանը:

Lragir.am,
17-10-2020 22:40