Բաքվին պարտադրվեց հրադադար․ Ինչ պետք է անի հայկական կողմը

17-10-2020 23:52

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: «Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության», ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Զինադադարի մասին հայտարարությունից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ: «Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում: Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության կարևորությունը», ասվում է հաղորդագրության մեջ: Բաքուն հոկտեմբերի 10-ին համաձայնել էր մարդասիրական զինադադարին, սակայն պահպանեց ընդամենը 5 րոպե: Թե որքան կպահպանվի ներկայիս զինադադարը՝ դժվար է ասել: Պետք է նկատի առնել, որ թե նախորդ, թե այս անգամ Ալիեւը համաձայնության գնաց Գյանջայի իրադարձություններից հետո: Բացի այդ, նախօրեին նա դժգոհել էր Հայաստանի սպառազինության համալրման կապակցությամբ, ինչը երեւում է անակնկալ էր հայկական բանակը մաշելու Բաքվի մարտավարության տեսանկյունից: Կասկած չկա, որ Բաքվին պարտադրվել է այս համաձայնությունը, ինչ էլ հիմա հայտարարի Ալիեւը: Բանն այն է, որ Բաքուն պատերազմը կանգնեցնելու պատճառ չուներ թե իր հռչակած նպատակների, թե Թուրքիայի քաղաքականության պատճառով: Թուրքիան ձգտում է մասնակցել կարգավորմանն այս կամ այն ձեւաչափով, եւ համենայնդեպս մոսկովյան փաստաթղթում դա մերժվել է: Արդյոք Թուրքիային «համոզել» են Մինսկի խմբի ձեւաչափը լրացնող Թուրքիա-Իրան-Ռուսաստան նախաձեռնությամբ, որի մասին հայտարարել էր Իրանի ԱԳ նախարարը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում: Բաքվին էլ՝ Լավրովի պլանով: Գալով հայկական կողմին, պետք է նկատի առնել, թե ինչ է նշանակում առարկայական բանակցություններ: Եթե դա Լավրովի պլանն է, որը նա հայերի հանդեպ արհամարհական ձեւով, Մարգարիտա Սիմոնյանի երջանիկ հայացքի տակ ներկայացնում էր Բաքվին, այն պաշտոնական Երեւանը մերժել է: Իր հերթին, պարզ չէ, թե զորքերի սահմանազատումն ինչ սկզբունքով է կատարվելու, եւ արդյոք հայկական կողմը դրել է պահանջներ, այն պայմաններում, երբ ՌԴ նախագահ Պուտինը Ալիեւի հետ հեռախոսազրույցում «պարզաբանել» էր մոսկովյան համաձայնության որոշ դետալներ: Հայաստանի համար «առարկայական բանակցությունը» պետք է լինի 1994 թ․ զինադադարի պայմանագրով սահմաններին վերադառնալը եւ զինադադարի խախտման համար պատասխանատվությունը:

Lragir.am,
17-10-2020 23:52