Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը, հետմահու արժանացել է «Արցախի հերոսի» կոչման

21-10-2020 17:10

«Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն, hաղորդավար Կարին Տոնոյանի որդին՝  Մենուա Հովհաննիսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոսի» կոչման: Այս մասին Արայիկ Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Սիրելի ՛ հայրենակիցներ Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին… Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից: Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի… Վշտակցում եմ նրա ընտանիքին և բոլոր հարազատներին: Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը: Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին: Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին: Հ.Գ. Կարդացի Մենուայի մոր՝ Կարին Տոնոյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը»,– գրել է նա:

Lragir.am,
21-10-2020 17:10