Թուրքիան ցանկանում է ազդեցությունը տարածել, տարածաշրջանի երկրները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը. Փաշինյան

21-10-2020 17:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ի՞նչ գործոններ են արգելք հանդիսանում Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատման համար, և Մոսկվայի հանդիպումից ու շաբաթ երեկոյան Բաքվի և Երևանի միջև համաձայնությունից հետո ինչո՞ւ են շարունակվում ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վարչապետը նշել է. «Միանշանակ է, որ Թուրքիան անընդհատ քաջալերում է, որ զինադադար չլինի, որովհետև, կարծում եմ, որ Թուրքիայի խնդիրները շատ ավելի լայն են: Այստեղ ոչ միայն Ղարաբաղի հարցն է, այլև ընդհանուր առմամբ Թուրքիան որոշել է ձեռքը դնել տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության մի մասն է, և Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել դեպի Ղարաբաղից արևելք, հյուսիս, և հարավ-արևելք: Եվ այս քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Տարածաշրջանի երկրները պետք է ի նկատի ունենան այս իրողությունը և հստակեցնեն իրենց դիրքորոշումը այս կապակցությամբ»: Նա համոզված է նաև, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը նախապես ծրագրված է եղել: «Պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էր անում, և այդ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զորքերի մի մասը մնաց Ադրբեջանում: Բացի այդ, Թուրքիան Սիրիայից ահաբեկիչ վարձկանների էր հավաքագրել և տեղափոխել Ադրբեջան: Ինչի՞ համար էին տեղափոխում Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ բնականաբար, պատերազմ սկսելու համար: Եթե պատերազմը չէր պլանավորվում, ահաբեկիչ վարձկաններին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու որևէ իմաստ չէր կարող լինել, և փաստն այն է, որ նրանք այդտեղ են: Այսօր արդեն այդ ահաբեկիչների ներկայությունն ապացուցված է, և այդ կապակցությամբ շատ փաստաթղթեր են հրապարակված: Այս բոլոր փաստաթղթերը վկայում են, որ, այո, պատերազմը նախապես ծրագրված է եղել, և ըստ էության, հիմա մենք հենց այդպիսի լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք գտնվում, որն սպառնում է ողջ տարածաշրջանային կայունությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Lragir.am,
21-10-2020 17:03