Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք ընկրկի, չենք կոտրվի. վարչապետի ելույթն ամբողջությամբ

21-10-2020 18:22

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված վիճակին և հետագա անելիքներին: ՀՀ վարչապետը նշել է, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով ու նրանց համար ընդունելի միակ տարբերակը Արցախի կապիտուլացիան է: «Պետք է մենք հստակ գիտակցենք, որ ԼՂ հարցը, գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև բավական երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի ու բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված: Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Դա նշանակում է, որ մեր դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր նշաձողից ինչ-որ բան իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն այլևս անընդունելի է Ադրբեջանի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է, որ այս իրավիճակում պետք է մինչև վերջ, անմնացորդ, անսասան պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: «Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար: Այսօր պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենքի իրավունքի պաշտպանության գործին: Այս գործընթացն արդյունավետ ու շարունակական կազմակերպելու պարագայում է, որ մենք կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիան, համաձայն չէ: Հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Առանց Արցախի չկա Հայաստան»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այս պարագայում է, որ մենք, ի վերջո, կկարողանանք մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման հասնել: «Իսկ դուք դա հասկանում եք, թե ինչ է նշանակում: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը Ղարաբաղի մասին չէ, և ես դա նույնիսկ չեմ էլ ուզում քննարկել: Որովհետև դեռ 90-ականների ազատամարտի մեր հերոսները և մեր ամբողջ համատեքստն այդպիսինն է, որ մենք, Ղարաբաղի մասին խոսելով, խոսում ենք ժողովուրդների իրավունքների մասին: Որովհետև մենք դեռևս 90-ականների սկզբին ձևակերպել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան և, հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Ես այստեղ տարանջատում չեմ գտնում: Իսկ սա այսօր առաջին հերթին նշանակում է կռվել, զենք վերցնել և կռվել հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի: Ընդ որում՝ ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ այս պրոցեսը պետք է կազմակերպի և իրականացնի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ է արել: «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Դրանք պետք է լինեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ ու ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, ինչը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում ու իրականացնեն այն խնդիրը, որը նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ սա շրջադարձային պահ է, ու սրանով պետք է լուծվեն հայ ժողովրդի վերջին 500 տարվա խնդիրները:  «Մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք, իսկ ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ եղել է տրամադրություն, թե «ինչ-որ տեղ կան մարդիկ, որոնք կկանգնեն  ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, բայց այդ մարդը, երևի, ես չեմ»: Այսօր կան այդպիսի մարդիկ, բայց պետք է նրանց կողքը կանգնել, որովհետև նրանցից՝ մեր հերոսական շարքայիններից, սպաներից ու կամավորներից շատերը զոհվել են հանուն հայրենիքի ու պետք է նրանց փոխարեն կանգնել: Մենք բոլորս պետք է կանգնենք: Դո՛ւ ես հենց այն մարդը, որ այսօր պետք է զենք վերցնի ու գնա մեր հերոս տղերքի կողքը կանգնի ու տանի այդ հաղթանակը, որը մեր նպատակն է: Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը, չի թողնում, չկա միջանկյալ տարբերակ: Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիճակը շատ ավելի հուսահատ ու բարդ էր, թվում էր, որ էլ ոչ մի ելք ու լուծում չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, որովհետև կային մարդիկ, որոնք իրենց վրա վերցրին հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը: «Մեր հերոսները նայում են մեզ, ու մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնելու իրենցից, որովհետև նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ, հիմա եկել է մեր ժամը»,- ասել է Փաշինյանը:  Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այսօր և այս ողջ ընթացքում բարձր է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը: «Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը որպես Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից: Կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջև, և մենք հնարավորինս ամենաբարձր և արդյունավետ կերպով փոխգործակցել ենք և փոխգործակցում ենք այս խնդրից, այս իրավիճակից լուծում գտնելու համար: Սա, իմիջիայլոց, և այն փաստի հաշվառումով, որ Ռուսաստանը նաև հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և մինևնույն ժամանակ հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը: Եվ ես կարծում եմ, որ այս երկու կարգավիճակի բերումով Ռուսաստանը մինչև օրս արել է առավելագույնը և, համոզված եմ, սրանից հետո էլ կանի առավելագույնը: Սրանում ընդհանրապես չեմ կասկածում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ վարչապետը նկատել է, որ Ադրբեջանի զինված ուժերն Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում մարտի են նետում իրենց վերջին ռեզերվները: «Առաջնագծում բավական բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Նրանց ռեսուրսները շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում հակառակորդին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի մեծ կորուստներն են այն պատճառներից մեկը, որ այդ երկիրը հրաժարվում է հումանիտար հրադադարի հաստատումից: «Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմինները հավաքվեն, խնամվեն, արվեն հուղարկավորություններ: Ադրբեջանը վախենում է իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին տասնյակ հազարի մոտ դիակների, մարմինների ի հայտ գալուց: Ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի կորուստներ ունեն, առավել ևս, որ մենք սկսել ենք խոցել նաև թուրքական Bayraktar-ները: Հումանիտար հրադադարի արդյունքում կբացահայտվեն նաև վարձկանների ու թուրքական զորքերի զինվորների դիակներ»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մենք այսօր պիտի կրկնենք մեր պատմության ոչ թե աղետալի հատվածը, այլ հերոսական հատվածը, որովհետև 90-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիճակը շատ ավելի հուսահատ էր, շատ ավելի բարդ էր, թվում էր, թե էլ ոչ մի ելք ու լուծում չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, որովհետև կային մարդիկ, ովքեր իրենց վրա վերցրին հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը: «Եվ ուզում եմ էլի ասել, որ մեր առաջին ազատամարտի հերոսները՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը, նայում են մեզ: Նայում են մեզ, և մենք պետք է նայենք իրենց և իրենց աչքերի մեջ: Եվ մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնել նրանցից: Որովհետև նրանք Հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ: Հիմա եկել է մեր ժամը՝ Հայրենիքին տալ ամեն ինչ և չխնայել ոչինչ: Եվ հիշի՛ր, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դո՛ւ ես: Սիրում եմ բոլորիդ: Հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ուզում եմ, որ մենք բոլորս մեր հոգում և մտքում ուժեղացնենք, կառուցենք, կոփենք հաղթանակի կամքը և հաղթանակի ոգին: Իրար աչքերի մեջ տեսեք հաղթանակը: Աչքերի, հոգու, մտքի մեջ պետք է նախ հաղթանակը ձևավորվի:  Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, մենք չենք ընկրկի, մենք չենք կոտրվի: Մեզ հնարավոր չէ հաղթել: Եվ մենք կհաղթենք: Եվ այդ հաղթանակը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դո՛ւ ես: Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում»,- եզրափակել է վարչապետը:

Lragir.am,
21-10-2020 18:22