Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից. Սարգսյանը՝ ԵԽ նախագահին

21-10-2020 19:06

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահը մանրամասնորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրավվածությանն ու ռազմաքաղաքական օժանդակությանը: «Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում»,-նշել է նախագահ Սարգսյանը: «Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նա հետաքրքրվել է հակամարտության համատեքստում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներով: Հայաստանի նախագահը հանգամանորեն ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում ապակայունացնող է և լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար: Զրուցակիցներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ, ինչը կարող է հանգեցնել մեծ հումանիտար աղետի: Շառլ Միշելն ասել է, որ պետք է հարգել հրադադարը և առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղան: Նախագահ Սարգսյանը շատ կարևոր է համարել, որ միջազգային գործընկերներն ամբողջությամբ հասկանան հակամարտության էությունը և պատերազմը դադարեցնելու հստակ կոչ հնչեցնեն: «Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Lragir.am,
21-10-2020 19:06