Մասիսի Զարգացման Հիմնադրամը 250,000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Հայաստան Համահայկական Հիմնադրամին

21-10-2020 19:34

Մասիսի զարգացման հիմնադրամը  իրականացնում է  «Մասիսը՝ Արցախի կողքին» բարեգործական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում օգնություն է ցուցաբերվում Արցախից Մասիս քաղաքում հարկադրաբար ապաստան գտած ընտանիքներին, Մասիս քաղաքից  Արցախ մեկնած և վիրավորված մարտիկներին ու նրանց ընտանիքներին: Խրախուսվելու են  Մասիս քաղաքից մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար կռված զինծառայողները: Բոլոր մասիսցիների համար սա համախմբման առիթ է, յուրաքանչյուրն իր ներդրումն ունի  «Մասիսը՝ Արցախի կողքին» ծրագրի իրականացման աշխատանքներում: Մասիսի Զարգացման Հիմնադրամը միանում է համահայկական միասնական առաքելությանը եւ որոշում «Հայաստան Համահայկական Հիմնադրամին» նվիրաբերել 250,000 ԱՄՆ դոլար: **** Մասիսի զարգացման հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրված 2015 թվականին Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության կողմից՝ Մասիս քաղաքի զարգացումը խթանելու նպատակով: Հիմնադրամի գործունեության նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել ակտիվ ու մտահոգ քաղաքացիների նոր սերունդ, որն ապագայում իր ավանդը կունենա Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում: 2016 թվականին Հիմնադրամը ստեղծել է Մասիսի երիտասարդական կենտրոնը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման համար՝ աջակցելով արդեն առկա, այնպես էլ նոր ծրագրերի իրականացմանը:   Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.masis-francophonie.org կայքում:

Lragir.am,
21-10-2020 19:34