Այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի Ադրբեջանի գործելաոճի հետեւանքով. Մանե Գևորգյան

21-10-2020 19:31

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը խեղաթյուրելու՝ ադրբեջանական կողմի փորձերին: «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում Մանե Գևորգյանն ընդգծում է, որ ադրբեջանական կողմը իր վարքագծին հարիր շարունակում է մանիպուլյացիոն գործելաոճը՝ խեղաթյուրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը: «Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետեւանքով: Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում` վերջին օրերին ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջման հիման վրա բանակցային գործընթացին, բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն անընդունելի է Ադրբեջանի համար: Հիշեցնեմ նաեւ վարչապետի հայտնի թեզը, ըստ որի՝ ԼՂ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Նմանատիպ որեւէ հայտարարություն, այդ թվում փոխզիջման վերաբերյալ, Ալիեւի կողմից չի հնչել»,- նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը:

Lragir.am,
21-10-2020 19:31