Ինչ է առաջարկելու Պոմպեոն Երեւանին ու Բաքվին․ Թուրքիայի արձագանքը

ԱՄՆ պետքարտուղար Մայրք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ սպասվող հանդիպումներին ընդառաջ ասել է, թե հույս ունեն ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն եւ առաջարկել այնպիսի դիվանագիտական լուծում, որը կբավարարի բոլորին: Պոմպեոն այդ մասին խոսել է Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ: Նա հիշեցրել է, որ նախորդ երկու փորձը հաջողություն չեն ունեցել եւ ասել է, որ հուսով են հասնել հրադադարի: Նախորդ երկու փորձն, ինչպես հայտնի է, արել են Ռուսաստանն ու Ֆրանսիան, Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները: Այժմ երրորդ համանախագահն անում է երրորդ փորձը: Կստացվի՞ Վաշինգտոնի մոտ որեւէ բան: Կասկած չկա, որ հրադադարի փորձերը տապալում է պատերազմի հրձիգը՝ Թուրքիան: Հետեւաբար, հրադադարի հարցում հաջողության համար պետք է հաջողություն ունենալ կամ Թուրքիայի վրա ազդելու, կամ Բաքվին Թուրքիայի ազդեցությունից կտրելու հարցում: Ռուսաստանը, հետո Ֆրանսիան փաստացի չեն կարողացել թե մեկը, թե մյուսը: Կկարողանա՞ անել դա Վաշինգտոնը: Պետք է արձանագրել, որ ի տարբերություն Փարիզի ու Մոսկվայի, Վաշինգտոնն այդուհանդերձ ունի Թուրքիայի վրա ազդելու բավականին գործուն քաղաքական կարողություն: Այլ հարց է՝ գործի կդրվի, թե ոչ: Տեւական լռությունից հետո անդրադառնալով պատերազմին, Պոմպեոն օրեր առաջ ասել էր, թե Թուրքիան օգնում է Բաքվին, եւ իրենք կոչ են անում չանել դա: Հաջորդիվ Պոմպեոն նշել էր, թե հուսով է, որ հայերը կպաշտպանվեն Բաքվի գործողություններից, մինչ հնարավոր կլինի նստել բանակցության սեղանի շուրջ եւ գնալ խաղաղ կարգավորման: Պոմպեոն հայտարարել է, որ երրորդ կողմերը չպետք է բորբոքեն կրակը, չպետք է զենք եւ աջակցություն տրամադրեն: Բայց ու՞մ նա նկատի ունի: Մյուս կողմից, Պոմպեոն հստակ ակնարկել էր, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը: Հետեւաբար, խնդիրը Ադրբեջանին մատակարարվող զենքն ու սպառազինությունն է, որ հարվածում է կայունությանը եւ խաղաղությանը: Ունի՞ այդ հարցի լուծումը Վաշինգտոնը, որ հայտնում է հրադադարի հասնելու ակնկալիք: Արդյոք Անկարան ստացել է կամ ստանալու է հոկտեմբերի 23-ի հանդիպումներից առաջ անհրաժեշտ զգուշացումներ Վաշինգտոնից: Հատկանշական է, որ այսօր Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ Մոսկվային չի հաջողվել հրադադար հաստատել, եւ առանց Թուրքիայի դա հնարավոր չէ: Նա հավաստել է Ադրբեջան զորք ուղարկելու պատրաստակամությունը: Ինչպիսի՞ն է լինելու Ռուսաստանի վերաբերմունքը հրադադարի ԱՄՆ-ի փորձին եւ Թուրքիայի հայտարարությանը: Այդ իմաստով հատկանշական է, որ Վաշինգտոնից առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն այցելել էին Մոսկվա եւ հանդիպումներ ունեցել Սերգեյ Լավրովի հետ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
22-10-2020 00:04