Ինչ է առաջարկել Բակո Սահակյանը․ հայտնի «նամակի» հետքերով․ «Ժողովուրդ»

22-10-2020 08:23

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ի հանդիպումից հետո տարատեսակ տեղեկություններ տարածվեցին, որոնք կրքեր բորբոքեցին: Բանն այն է, որ, մամուլի հրապարակումների համաձայն, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ողջ իրավիճակը, որն այնքան էլ հուսադրող չի եղել, եւ ներկաներին է մատուցել մի նամակ, որը կարեւոր ինֆորմացիա է պարունակել: Ներկաներին հորդորել են որեւէ կերպ չգաղտնազերծել այդ նամակը. դա կվնասի Հայաստանին: Ապա նաեւ տեղեկություն տարածվեց, թե այդ նամակը եղել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, որում խոսք է գնացել 5+2 շրջանների հանձնման մասին: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի կողմից ուղարկված որեւէ նամակ չկա ու չի եղել նաեւ այդ օրը, ավելին՝ վերջնական տեսքի բերված որեւէ պաշտոնական նամակ ուղղակի գոյություն չունի: Մենք տեղեկացանք, որ պարզապես քննարկում է եղել, որ եթե որեւէ նամակ գրելու անհրաժեշտություն լինի, ապա պետք է բանակցությունների սեղանի շուրջ քննարկումների վերադարձի պատրաստակամության մասին մի նամակ գրվի, որը պետք է լինի Արցախի բոլոր նախկին նախագահների համաձայնությամբ, ստորագրությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման նամակ ունենալու անհրաժեշտության մասին առաջինը խոսել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Արցախում, հետո այդ հարցը քննարկել է նաեւ Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ապա նաեւ Երեւանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Սակայն գործնականում հարցը քննարկումներից այն կողմ չի անցել եւ փաստաթղթի չի վերածվել: Ամեն դեպքում, եթե անգամ ապագայում որեւէ նամակ լինի, ապա դրանում խոսք չի կարող լինել 5+2 շրջանների հանձման մասին, այլ լինելու է մի այնպիսի բովանդակություն, որը ցույց կտա, թե հավաքական Արցախն ինչ է ուզում բանակցություններում, ինչպես է տեսնում հարցի կարգավորումը եւ ինչ պայմաններով: Նամակում նշվելու է միայն, որ պաշտոնական Արցախը կողմ է բանակցությունների սեղանին վերադառնալու գաղափարին: Ընդամենը»:

Lragir.am,
22-10-2020 08:23