Անկարան զգուշացնում է Մոսկվային

22-10-2020 10:18

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի կարող կարգավորվել առանց Թուրքիայի, ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: «Ռուսաստանը փորձեց լուծում գտնել եւ բանակցություններ վարել երկու երկրների ղեկավարների հետ, բայց դա չհաջողվեց անել: Այն, որ Թուրքիան ներկա չէր սեղանի շուրջ, մեծ բացթողում էր: Ալիեւն ասել է, որ առանց Թուրքիայի ոչ մի լուծում չի կարող լինել», ասել է Օքթայը: Նա նաեւ հաստատել է Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Անկարայի պատրաստակամությունը` ղարաբաղյան հակամարտության մեջ սատարելու համար: «Մեր նախագահը այդ մասին հայտարարել է առաջին օրվանից: Թուրքիան չի տատանվի, մեր նախագահը չի տատանվի [այս հարցում]»: Թուրքիայի փոխնախագահն արտահայտվել է հնարավորինս հստակ․ Անկարայի նպատակը Հարավային Կովկասում այս փուլում Ռուսաստանին հավասար դերակատարության հասնելն է կարգավորման գործընթացի միջոցով, որը մինչ այժմ մերժվել է թե Ռուսաստանի, թե Մինսկի խմբի համանախագահների կողմից: Թուրքիան շարունակում է ճնշումն այս ուղղությամբ, որն արտահայտվեց Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության համաձայնագրի եւ Ղրիմի պատկանելության վերաբերյալ Անկարայի հայտարարությունների տեսքով: Ներկայում դրան ավելանում է Ադրբեջան զորք մտցնելու սպառնալիքը: Ղարաբաղյան պատերազմին զուգահեռ պատերազմ է ընթանում Բաքվի վրա ազդեցության համար, որին կարող է ներգրավվել նաեւ Իրանը: Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դերակատարությունը պահելու համար Ռուսաստանը առաջարկել է Լավրովի պլանը, որը շատ թույլ փաստարկ է ներկայիս բարդ իրավիճակում: Բաքվի ու Անկարայի հետ պայմանավորվելու հիմքով քաղաքականությունը Ռուսաստանին կանգնեցրել է ոչ միայն Հարավային Կովկասը կորցնելու հեռանկարի առաջ: Ի՞նչ է պատասխանելու Մոսկվան Անկարայի սպառնալիքին: Փորձագետները խոսում են ռուսական զորքի ներգրավման հնարավորությունների ու հիմքերի մասին, թեեւ պաշտոնական շրջանակներից հստակ ազդակներ առայժմ չեն ստացվում: Մոսկվայում հույս են հայտնել ԱՄՆ-ի հետ սերտ աշխատելու հարցում, սակայն ԱՄՆ-ից նույնպես հստակ ազդակներ առայժմ չեն ստացվում:

Lragir.am,
22-10-2020 10:18