Արցախցի կանայք բողոքի ակցիա են անում Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ

22-10-2020 00:17

Արցախցի կանայք բողոքի ակցիա են անում Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ: Նրանք պահանջում են, որ ԱՄՆ-ն գործնական քայլեր իրականացնի ու ճանաչի Արցախը՝ նշելով, որ Արցախում այսօր իրականացվում է ցեղասպանություն: Դեսպանատան ներկայացուցիչը վերցրել է նրանց նամակը՝ խոստանալով, որ այն կփոխանցի դեսպանին: Դեսպանատան աշխատակիցներն ասել են, որ կփորձեն հանդիպում կազմակերպել դեսպանի հետ: «Մենք կսպասենք, որ մեզ հետ հանդիպեն: Մենք Ամերիկային ասում ենք՝ բավական է, մի հեղինակազրկիր քեզ: Եթե այսօր հանդիպում չլինի, մենք ժամանակավորապես կհեռանանք, բայց նորից ենք գալու՝ վրաններով: Եթե պետք լինի, շրջափակելու ենք դեսպանատունը, ապրելու ենք այստեղ, որ տեսնեն, որ Արցախում ևս կան փախստականներ, մեր իրավունքները պետք է պաշտպանվեն, պետք է ճանաչվի Արցախի անկախությունը»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները:

Lragir.am,
22-10-2020 00:17