Արցախցի կանայք հանդիպեցին ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական բաժնի պետին և հանձնեցին իրենց բաց նամակը

22-10-2020 13:01

Երևանում ժամանակավորապես ապրող արցախցի կանայք հանդիպում ունեցան ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական բաժնի պետի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանայք, ովքեր միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային, իրենց դեսպանատան ներկայացուցչին են ներկայացրել նամակի տեսքով ձևակերպված իրենց պահանջը: Դուրս գալով դեսպանատնից՝ ակցիայի մասնակիցներից մեկը՝ Լիանա Ադամյանը նշեց, որ իրենք հանդիպում են պահանջել դեսպան Լին Թրեյսիի հետ: «Մենք հանձնեցինք նամակի տեսքով ձևակերպված մեր պահանջը և ասացինք, որ պատասխանը պետք է շատ արագ լինի, այլապես հնարավոր է, որ դիմենք ծայրահեղ քայլերի: Անհրաժեշտության դեպքում վրաններ կդնենք ու կապրենք այստեղ: Մենք չունենք ուրիշ հայրենիք, ուրիշ բնակավայր չունենք»,- ասաց Ադամյանը և հավելեց, որ իրենք պահանջել են, որպեսզի ԱՄՆ-ն միայն հայտարարություն անելով հանդես չգա: Լիանա Ադամյանն ասաց, որ դեսպանատան դիվանագիտական բաժնի պետն իրենց պատասխանել է, որ կփորձի  հանդիպում կազմակերպել դեսպանի հետ: Արցախցի կանանց ձեռքերում պաստառներ են, որոնց վրա տարբեր գրառումներ են, ինչպես օրինակ. «Մենք պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ», «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի անդամը սպանում մեզ» և այլն: Կանայք նաև վանկարկում էին «Մենք խաղաղություն ենք ուզում», «Կույր մի՛ եղեք», «Մի լռեք», «Կանգնեցրե՛ք Էրդողանին», «Ճանաչե՛ք Արցախը» և այլն:

Lragir.am,
22-10-2020 13:01