Հայաստանը պետք է ոչ համարժեք հարված հասցնի՝ փրկելու համար Հայաստանն ու ողջ հայկական աշխարհը

Մեր զրուցակիցն է փաստաբար Նորայր Նորիկյանը Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: Ադրբեջանում այս պահին իշխում է այն մտայնությունը, որ իրենք շանս են ստացել Արցախի հակամարտությունը լուծելու ռազմական ճանապարհով: Դա Ադրբեջանի ձեռքերը բաց է թողել և նա փորձում է օգտվել այդ հնարավորությունից, իրենց պատկերացմամբ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Արցախի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Բնականաբար, այդ լույսի ներքո խաղաղ կարգավորման հնարավորությունն իջեցվել է զրոյական մակարդակի, եթե  մենք նկատի ենք ունենում նաև այն իրողությունը, որ Արցախի խնդրի կարգավորման գործընթացում միակ լեգիտիմ մանդատ ունեցող մարմինը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի պարալիզացված է և նրա կողմից արվող հայտարարությունները կամ հրադադարը դադարեցնելուն ուղղված քայլերը փաստացի գրոշի արժեք չունեն: Ուստի այս համատեքստում Փաշինյանի ասածն, ըստ էության, նշանակում է, որ կորսվել են բոլոր դիվանագիտական հնարավորությունները: Փաշինյանը նաև նշեց, որ Ադրբեջանը որևէ այլ բանի, բացի Արցախի կապիտուլյացիայից, համաձայն չէ, ուստի մնում է մինչև վերջ կռիվ տալու ճանապարհը: Կիսո՞ւմ եք այս մոտեցումը: Ես գտնում եմ, որ այնուամենայնիվ, որ Հայաստանը և ընդհանուր առմամբ հայկական ներուժ ունեցող ողջ համալիրը պետք է գործադրի իր առավելագույն ջանքերը, թեկուզ և Մինսկի խմբի համանախագահ երկրների, աշխարհի այլ կենտրոնների միջոցով հասնելու այնպիսի իրավիճակի, որ Ադրբեջանի նկատմամբ իրական ճնշում գործադրվի պատերազմական գործողությունները դադարեցնելու համար և հարցի կարգավորումը տեղափոխելու խաղաղ կարգավորման տիրույթ: Բայց եթե Ադրբեջանը շարունակում է պնդել, որ հարցի կարգավորումը բացառապես տեսնում է ռազմական տեսանկյունով, ես կարծում եմ՝ քանի որ խնդիրը դրված է մեր ժողովրդի և արցախահայության իրենց պատմական հայրենիքում մնալ-չմնալու գոյության խնդիրը, Հայաստանը պետք է ոչ համարժեք հարված հասցնի՝ փրկելու համար Հայաստանն ու ողջ հայկական աշխարհը: Ես հեռու եմ այն մտքից, որ ռազմական ճանապարհով երբևէ հնարավոր է լուծել այս խնդիրը Ադրբեջանի պատկերացրած ձևով: Ընդհանրապես, եթե ռազմական ճանապարհով հարցը լուծելու ադրբեջանական սցենարը գործի, երբեք մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու: Հետևաբար, Ադրբեջանին պետք է պարտադրել իր մտքից հանել այն մտադրությունը, որ այս հարցն ունի ռազմական լուծում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
22-10-2020 13:28