Ինչու Փաշինյանը հասարակությանը բաժանեց սևերի ու սպիտակների. Արթուր Վանեցյան

21-11-2020 17:47

Նիկոլ Փաշինյանը հասարակությանը սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների է բաժանել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա նշեց, որ մի պատմություն է ուզում պատմել: «Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հնչեց սև ու սպիտակ եզրույթը, ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, դրա մեջ ռիսկեր տեսա, որ դա ի վերջո բերելու է հասարակության պառակտմանը, և հասարակությունում ինչ-որ փուլում այդ սևի ու սպիտակի պատճառով բախումներ են լինելու: Ասացի, որ այդ եզրույթը շատ վտանգավոր է և պետք է անմիջապես փակել այդ թեման: Այնինչ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ինձ ասաց, որ դու քաղաքականությունից չես հասկանում, պետք է կիսել սևերի ու սպիտակների: Սպիտակները հաղթողներն են ու լավերն են, այսինքն՝ մենք: Սևերը նախկիններն են ու վատերն են, պարտվողներն են: Ու քանի դեռ կան սևեր ու սպիտակներ, ուրիշ ոչ ոք չկա, մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ կամ իրենք վատի և պարտվողի հետ են, կամ հաղթողի ու լավի կողմն են: Եվ ինքը արհեստական բաժանելով հասարակությանը սևի ու սպիտակի, քանդեց բոլոր քաղաքական կուսակցությունների քաղաքական օրակարգերը, օրակարգ բերեց սև ու սպիտակ, ատելություն: Եվ մարդն այլ ընտրություն չուներ՝ կամ պետք է լիներ սև, կամ սպիտակ: Էն մարդը, ով ասում էր՝ ես ոչ մի գույն չեմ, ասում էին՝ դավաճան»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Lragir.am,
21-11-2020 17:47