Կարճ ժամանակում ունենալու ենք արժութային ճգնաժամ. Ինչ է սպասվում

Հայաստանում դոլարի արժևորումը վերջին օրերին շարունակվում է, փոխարժեքը հատել է 500 դրամի սահմանը: Այս միտումը շարունակվելու դեպքում, ըստ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի, առաջիկայում սոցիալական խնդիրներ կսկսվեն Հայաստանում: «Առաջինը, լինելու են սոցիալական հետևանքներ, և դրանք արդեն կան: Այս գործընթացն անմասն չի թողնելու գնաճը, հատկապես այն ապրանքների գծով, որոնք ներկրվում են ՀՀ: Նաև այն  ապրանքների մասին է խոսքը, որոնք արտադրվում են Հայաստանում, բայց ունեն ներմուծման բաղադրիչ: Արդեն նկատելի է, որ մենք ունենք առաջին անհրաժեշտության ապրանքների տեսանելի գնաճ: Փոխարժեքը 490-495-ից բարձրացել է և այս պահին արդեն 510 -ի շեմն է անցել»,- Lragir.am-ին ասաց Ավետիսյանը: Տնտեսագետի խոսքով՝ այս տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանում շատ կարճ ժամանակահատվածում կգրանցվի ազգային արժույթի առնվազն 20-25 տոկոս արժեզրկում: Եվ կարձանագրվի առաջին անհրաժեշտության ապրանքների՝ դրան մոտ թանկացում: «Նաև չի բացառվում, որ ունենանք այդ ապրանքների դեֆիցիտ, որովհետև այդ գնաճն անընդհատ բերելու է նրան, որ մարդիկ հոգեբանական գործոնի ազդեցությամբ ձևավորելու են հավելյալ պահանջարկ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է տնտեսական առումով ռիսկերին՝ Թադևոս Ավետիսյանն ասում է, որ ազգային արժույթի արժեզրկումը ոչ թե անկախ պրոցես է, այլ հետևանք է մակրոտնտեսական խախտված կայունության: «Եվ ակնհայտ է, որ պետական բյուջեն ունի, մեղմ ասած, հիմնական ուղղություններով իր ծախսերը ֆինանսավորելու դժվարություններ: Բացի դա, նաև աճում է պետական պարտքը: Այսպիսի իրավիճակում մյուս գործոնն է շատ կարևոր՝ տնտեսական անկումը և անկման սպասումները: Նաև պետք է հաշվի առնել աշխարհաքաղաքական այն իրողությունները, որոնք տեղի ունեցան՝ պատերազմն իր պարտության ելքով և Covid 19-ի հետևանքների դեմ փաստացի տապալված վիճակը: Սա շատ կարևոր է, որպեսզի տեսնենք, թե ինչ բարդ իրավիճակ է»,- ասաց նա: Տնտեսագետի խոսքով՝ այսպիսի պարագայում անխուսափելիորեն վրա է հասնում հոգեբանական գործոնը՝ և տնտեսվարողների, և քաղաքացիների մոտ: «Արդեն ակնհայտ է, որ հիմա մարդիկ ու տնտեսավարողներն սկսել են վերադասավորել իրենց ակտիվները և ունեցած ռեսուրսները: Օրինակ՝ արդեն կա հստակ տեղեկատվություն, որ քաղաքացիները դիմում են բանկեր՝ իրենց ավանդները հետ ստանալու համար, հատկապես դրամային ավանդները: Դա ինքնանպատակ չեն անում, դրամային ավանդները հետ են վերցնում, որպեսզի փոխարինեն դոլարով ու եվրոյով: Եվ սա լուրջ հարված է լինելու այս գործընթացներին, որովհետև առաջացնելու է դրամի լրացուցիչ առաջարկ և միաժամանակ դոլարի, եվրոյի նկատմամբ լրացուցիչ պահանջարկ: Սա արժեզրկում ծնող շատ կոնկրետ գործոն է: Եվ նաև քաղաքացիներն ու տնտեսվարողներն ակնհայտորեն փորձելու են ազատվել արժեզրկվող արժույթից և իրենց ազատ միջոցները փոխել կայուն արժույթի: Սա ևս բերելու է նույն բանաձևով արժեզրկման»,- ասաց նա: Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ պատերազմի ընթացքում ինտերվենցիաները, այսինքն՝ պահուստներից կայուն արժույթների ինտենսիվ վաճառքը բերել է նրան, որ այլևս չկա այդ ներուժը՝ տնտեսությունում ներարկում անելու: «Սա սահմանափակ ռեսուրս է, և այն 500 մլն դոլարը, որ ասում էին՝ կուտակել ենք ռեզերվներում, դա վաղուց արդեն սպառվել է: Այսինքն՝ մենք չունենք նաև ինտերվենցիայի հնարավորությունը: Այս պարագայում ես կանխատեսում եմ, որ մենք շատ կարճ ժամանակահատվածում ունենալու ենք արժութային ճգնաժամ, ինչն իր հերթին կազդի ֆինանսական շուկայի և ընդհանուր մեր մակրոտնտեսական կայունության վրա: Այստեղ լուրջ մոտեցումներով ու խորքային քայլեր են անհրաժեշտ: Այսօրվա ձևավորված իրավիճակը հետևանք է 2,5 տարվա ձախողված տնտեսական քաղաքականության: Եվ իշխանություններն ուղղակի չունեն որևէ հնարավորություն՝ շտկելու իրավիճակը»,- հավելեց նա: Տնտեսագետ նշեց, որ այս իրավիճակը հանգեցնելու է սոցիալական լարվածության կայուն խորացմանը: Ըստ նրա՝ իրականում միայն պատերազմի ու Covid-ի վրա բարդել այս իրավիճակը սխալ է, սա վերջին 2,5 տարվա քաղաքականության հետևանք է: «Covid-ը չի հաղթահարվել, որովհետև 2,5 տարի մենք ունեցել ենք ձախողված տնտեսական քաղաքականություն: Այն բարեփոխումները, որոնք պետք է տեղի ունենային, տեղի չեն ունեցել, մեր տնտեսական ներուժը, որ պետք է զարգացնեինք, քայլերը բացառապես եղել են պոպուլիստական, քան իրական: Խնդիրները չեն լուծվել իրականում, դրանք պարտակվել են պոպուլիստական հնարքներով և բերել են այսպիսի իրավիճակի»,- ասաց նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
21-11-2020 18:22