Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում անհապաղ ճանաչել Արցախը

21-11-2020 19:13

Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը, նշելով, որ քաղաքային խորհուրդը նաև որոշում է կայացրել 30 հազար եվրոյի օժանդակություն տրամադրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին, որը կուղղվի պատերազմից տուժած խաղաղ բնակչության կարիքներին: «2020թ. սեպտեմբերից ականատեսն ենք Կովկասում ղարաբաղյան հակամարտության վերսկսմանը, որում հայ ժողովորդը բախվեց ադրբեջանական բանակի հարձակմանը: Իրավիճակը նախկին սովետական միության այս տարածքում բավականին բարդ է: Նոյեմբերի 9-ին դադարեցված հակամարտությունը դեռ ամենևին էլ չի ավարտվել: Ֆրանսիան՝ Եվրամիության անունից, պետք է կարողանա նշանակալից դեր խաղալ քաղաքական, խաղաղ և մասնավորապես հարատև լուծման որոնման հարցում՝ ելնելով Հայաստանի հետ ունեցած պատմական կապերից: 2017 թ.-ից ի վեր Ադրբեջանն օգտվում է ֆրանսիական դիվանագիտության լռությունից»,- ասված է որոշման տեքստում: Քաղաքային խորհուրդն անհրաժեշտ է համարել պարտադրել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը Ադրբեջանին, որի վարչակարգը միջազգային հարթակում արժանանում է խիստ քննադատության: «Տարածաշրջանային գերտերություն Թուրքիան պետք է իր քաղաքական ազդեցությունն ունենա իր դաշնակից Բաքվի իշխանությունների վրա՝ խաղաղության տևական լուծումը խթանելու համար: Ֆրանսիան՝ Եվրամիության աջակցությամբ, պետք է աշխատի այս ուղղությամբ: Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է պարտադրեն մարդասիրական միջանցքներ, որոնք նախատեսված են խաղաղ բնակչությանն առաջին անհրաժեշտության և ոչ ռազմական ապրանքներով ապահովելու համար: Ֆրանսիայի և Հայաստանի միջև եղած դարավոր բարեկամությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարի և հիմնարար ազատությունների պաշտպանության ֆրանսիական համընդհանուր և հումանիստական ավանդույթը պահանջում են, որպեսզի Ֆրանսիան բացի Ազգերի ուղին և անհապաղ ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ այս ճանաչումը դարձնելով Արցախի բնակչության առաջին պատվարը»,- նշված է որոշման մեջ: Ըստ քաղաքային խորհրդի անդամների` միջազգային ճանաչումը հնարավորություն կտա երաշխավորել Արցախի սահմանների ամբողջականությունը և արդյունավետորեն պաշտպանել երկրի բնակչությանը, որն իրավունք ունի, ինչպես Ադրբեջանի բնակչությունը, ապրել խաղաղ և որոնել զարգացման լավագույն ուղին: «Այսօր Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը, հանուն հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամության և գիտակցելով նրանց տառապանքները՝ դիմում է, որպեսզի ճանաչվեն սույն կոչում նշված իրավունքներն ու գործողությունները, կոչ է անում կառավարությանը վճռականորեն գործել, օգտագործելով բոլոր դիվանագիտական ուղիները, փուլ առ փուլ բանակցությունների միջոցով կայուն և խաղաղ լուծում գտնելու համար` երաշխավորելով խաղաղ բնակչության անվտանգությունը և այդպիսով մերժելով ռազմական լուծման ցանկացած ձև, կոչ է անում կառավարությանը անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը և նրա իշխանությունների հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, որոշում է ընդունում 30 000 եվրոյի օժանդակություն տրամադրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին՝ ուղղված խաղաղ բնակչության կարիքներին»,- ասված է քաղաքային խորհրդի որոշման մեջ:

Lragir.am,
21-11-2020 19:13