Գերմանացի պատգամավորներն առաջարկել են Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգո սահմանել

21-11-2020 20:15

Գերմանիայի ընդդիմադիր Ձախերի կուսակցությունը Կանաչների կուսակցության հետ միասին Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում վարվող ռազմատենչ քաղաքականության և մարդու իրավունքների ոտնահարումների համար Բունդեսթագ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգոյի սահմանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle գերմանական մեդիաընկերությունը: «Ձախ» կուսակցության կողմից պատրաստված և «Ո՛չ Թուրքիային զենք տալուն» վերնագրով առաջարկը նոյեմբերի 20-ին ուղարկվել է Դաշնային խորհուրդ: Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում այն կմտնի խորհրդի օրակարգ քննարկման համար:  Կուսակցությունների ներկայացրած օրինագծում առաջարկվում է դադարեցնել բոլոր տիպի ռազմական տեխնիկաների, զենքի, պահեստամասերի արտահանումը դեպի Թուրքիա, ինչպես նաև չեղյալ հայտարարել նախկինում ընդունված արտահանման պայմանագրերը: Կուսակցությունները նշում են, որ Անկարան ցանկանում է ունենալ ժամանակակից զենքի համակարգեր, նպատակ ունի կառուցել մեծ և անկախ ռազմական արդյունաբերություն, ինչպես նաև ընդլայնել հեռահար հրթիռների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և սուզանավերի արտադրական հզորությունը: Նրանք նշում են, որ Թուրքիային չպետք է հնարավորություն տալ ռազմական տեսանկյունից այսքան հզորանալու, քանի որ դա կարող է բերել տարածաշրջանում անկայունության մեծացման և ի վերջո ծանր հետևանքներ ունենալ եվրոպական պետությունների համար: Deutsche Welle-ի հաղորդած տվյալների համաձայն, 2009-2018 թվականներին ռազմական արտադրանքի 33 արտահանում է եղել դեպի Թուրքիա: Ընդհանուր առմամբ, գերմանական ընկերությունները մոտ 12 միլիոն 800 հազար եվրո արժողությամբ ռազմական սարքավորումներ և պահեստամասեր են վաճառել Թուրքիային, որի արդյունքում նա կարողացել է ստեղծել անօդաչու թռչող սարքերի բավականին մեծ խմբաքանակ: «Ձախ» կուսակցությունը նշում է, որ այս անօդաչուները (Bayraktar TB-2) օգտագործվելով Անկարայի կողմից Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի դեմ պատերազմի ընթացքում, ինչպես նաև մասնակցելով Իրաքում, Սիրիայում և Լիբիայում թուրքերի կողմից իրականացվող մարտական գործողություններին, իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում: Կուսակցությունն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Անկարայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում ամռանը սկսած գազի որոնման աշխատանքները և այնտեղ ռազմանավերի տեղակայումը մեծ լարվածություն են առաջացրել Հունաստանի, Թուրքիայի և Կիպրոսի միջև, որը ևս մեկ անգամ փաստում է Թուրքիայի նկատմամբ ռազմական ճնշումների կիրառման անհրաժեշտությունը: Կուսակցությունը նշում է, որ Հունաստանն արդեն առաջարկել էր Եվրամիությանը զենքի մատակարարման էմբարգո սահմանել Թուրքիայի նկատմամբ, սակայն այդ առաջարկի նկատմամբ վետո էր կիրառվել Հունգարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Մալթայի  կողմից:

Lragir.am,
21-11-2020 20:15