Հանրությանն անհրաժեշտ է նոր գաղափարական սկիզբ խորհրդանշող առաջնորդություն

Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունները, նոր նշանակումները: Սրանք բավարար քայլե՞ր էին վարչապետի կողմից: Իհարկե, կառավարությունը ձախողել էր հանրության սպասելիքները նույնիսկ առանց պատերազմի: Պատերազմից հետո մեծ է հանրության ապակոմնորոշվածությունը, ուղենիշների կորուստը ու դրանով պայմանավորված խնդիրները:  Կարծում եմ՝ հանրությանն անհրաժեշտ է նոր սկիզբ խորհրդանշող առաջնորդություն, որի առաջին բնորոշիչը պետք է լինի որոշակի գաղափարին հավատարմությունն ու դրա իրագործման համար անսպառ հավատը: Այնինչ նոր կառավարության մասին խոսելիս այն բնորոշվում է որպես տեխնոկրատական: Խիստ կասկածում եմ նման մոտեցման արդյունավետությանը: Այն առավել ևս ձախողման պոտենցիալ ունի, քանի որ պարտությունից հետո խնդրահարույց է վարչապետի անձը: Տարբեր քաղաքական ուժեր առաջարկում են ճանապարհային քարտեզ. առաջարկվում են արտահերթ ընտրություններ վարչապետի հրաժարականի ճանապարհով, վարչապետն իր ճանապարհային քարտեզն է ներկայացնում 6 ամիս կտրվածքով: Դուք ի՞նչ կարծիք ունեք, որը ավելի կենսունակ կարող է լինել այս պահին: Մենք կարծում ենք, որ ավելի կենսունակ կլինի չեզոք վարչապետի ընտրությունը, որը հետագա ընտրություններում չի առաջադրվի: Իսկ ավելի լավ կլինի, եթե ընդհանրապես հրաժարվի հետագա քաղաքական կարիերայից: Դա ավելի մեծ հավատ կառաջացնի նրա կառավարման նկատմամբ և ընդունելի կլինի քաղաքական հակադիր կողմերի և հանրության համար: Իրավիճակի կայունացումից և մի շարք կարևոր ռեֆորմներից հետո հնարավոր կլինի խոսել արտահերթ խորհդարանական ընտրություններից: Մտավախություն չունե՞ք, որ արտահերթ ընտրությունների դեպքում լեգիտիմ իշխանություն ձևավորելու մեխանիզմներ չեն լինի: Այս իրավիճակում արտահերթ ընտրությունների գաղափարին մենք ընդհանրապես դեմ ենք: Դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Առաջինը, պատերազմում պարտվածի հոգեբանությամբ, պարտության ցավը սրտում նախընտրական քարոզարշավը լինելու է սև ու սպիտակի, դավաճան ու հերոսների փնտրտուքով զբաղված մարդկանց 12-օրյա դժոխք: Այդ դժոխքում, ներկայիս էմոցիոնալ վիճակում, լինելու են բախումներ ու զոհեր, քանի որ պատերազմից հետո բավականին զենք է կուտակվել մարդկանց մոտ: Պետք է նախ զինաթափվենք: Եվ երրորդը, այդ ընտրությունները չեն լինելու գաղափարական, այլ հաղթելու են ռևանշիստական, անիրականանալի խոստումներով հանդես եկող ուժերը, որոնք ոչ մի կերպ չեն կարողանալու իրագործել դրանք: Դա ի սկզբանե տապալված խորհրդարան է լինելու: Պարոն Սահակյան, եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ներկա իրավիճակն ինչ վտանգներով է հղի: Նոր կառավարությունը պետք է ունակ լինի հանդարտեցնել կրքերը և ոչ թե բորբոքել դրանք, ինչպես անում էր նախորդ կառավարությունը: Իհարկե, եթե վարչապետը չգնաց առողջ լուծման և մնաց պետության ղեկին, շատ դժվար է լինելու հանրությանը համոզել, որ պատշաճ գործ է արվում: Եթե այդ կառավարությունը ռեֆորմներ չիրականացրեց, ապա նրան կեսից կանգնեցնելու են ու փոխեն: Եթե արեց ցավոտ ռեֆորմներ, բայց չկարողացավ հետադարձ կապ ապահովել, ինչպես նախկին կառավարությունը, նրան կեսից կանգնեցնելու են ու փոխեն: Ես դեռ չեմ խոսում հնարավոր նոր, ավելի ավերիչ պատերազմի իրական վտանգի մասին: Դրա նախադրյալներն արդեն իսկ հայտնվում են: Այդպիսի զարգացումները անկանխատեսելի վտանգներ են ստեղծում, որոնք ամբողջությամբ կանխատեսել ինձ համար անհնար է թվում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
21-11-2020 21:16