Տիգրանակերտն անցել է Ադրբեջանին, հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված նյութն ապահով տեղում է․ Համլետ Պետրոսյան

21-11-2020 21:49

Եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանին անցած Տիգրանակետի  հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված ողջ նյութն ապահով տեղում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տիգրանակերտ հնավայրի և շրջակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: «Ես կարծում եմ՝ պեղումներն իրենք շարունակելու են, միգուցե ավելի մեծ ծավալով, եւ ներկայացնելու են որպես աղվանական ինչ որ քաղաք, ինչպես իրենք անհասկանալիորեն պնդում են: Հատկապես Տիգրանակերտի Վանքասարի եկեղեցին էլ ադրբեջանցիները վերականգնել են, դա համարել են իրենցը, կարծում եմ՝ այդ մոտեցումը շարունակվելու է»,- նշեց Համլետ Պետրոսյանը: Պատերազմի ժամանակ հրետակոծվել էր հնագիտական հանգրվանը, բայց հուշարձանի այլ հատվածներ, Համլետ Պետրոսյանի խոսքով, մնացել էին նույն վիճակում: Տիգրանակերտ բերդ-ամրոցը գտնվում է Աղդամ քաղաքից 8կմ հյուսիս-արեւմուտք՝ պատմական Արցախ եւ Ուտիք նահանգների սահմանագլխին:  Այն կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք: Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին: Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում: Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ: Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը: Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից: 2020թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի ավարտին ընդունված հայտարարության համաձայն Աղդամի շրջանը՝ ներառյալ Տիգրանակերտը, անցել են Ադրբեջանին: Նշենք, որ բերդաքաղաքի պեղումները սկսվել էին 2006 թվականին: Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի: Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով: Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը: Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը:

Lragir.am,
21-11-2020 21:49