Պարտության գլխավոր խորհրդականը՝ պարտության նախարա՞ր. Նայե՛ք Թուրքիային 

21-11-2020 23:57

Երեկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է պաշտպանության նախարար: Նա մեկ անգամ էլ է աշխատել այդ պաշտոնում՝ 1999-2000-ին եւ հեռացվել է Արամ Սարգսյանի կառավարությունը ցրելուց հետո: Մինչեւ 2020 թ․ օգոստոս զբաղվել է ընդդիմադիր եւ «վերլուծաբանական» գործունեությամբ, հետո նշանակվել գլխավոր խորհրդական: ԶԼՄ-ները հայտնում են, որ մինչ նրա նշանակումը Նիկոլ Փաշինյանն առաջարկ է արել այլ զինվորականների, ովքեր մերժել են: Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրել է Վաղարշակ Հարությունյանին՝ նշելով, որ «մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու և ինչ պետք է անենք՝ հետևություններ անելու համար»: Վաղարշակ Հարությունյանն, ըստ պաշտոնական հաղորդագրության, շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել. «Իրավիճակը կապված է տարածաշրջանում Թուրքիայի գործունեության հետ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության և պատերազմից հետո ստեղծված այն իրավիճակի հետ, որը մենք ունենք: Ես համոզված եմ, որ մենք կարճ ժամանակում կնախապատրաստենք, կգնահատենք արդյունքները, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները և կնախապատրաստենք բարեփոխումների նոր փաթեթ, որը Ձեզ կզեկուցենք»: Այս մեջբերումն արդեն սարսուռ է առաջացնում 20 տարի զինվորական միջավայրից հեռացած եւ 90-ականների ռազմական ու քաղաքական կարծրատիպերի մեջ մնացած նոր նախարարի «բարեփոխումների» կապակցությամբ: Բանն այն է, որ բարձրաստիճան զինվորականների եւ ընդհանրապես մարտերին իրական մասնակցություն ունեցածների այս օրերի բացահայտումները քաղաքական ղեկավարության՝ պարտության տանող մեղմ ասած անհամարժեք որոշումների մասին վկայում են նաեւ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող վարչապետի գլխավոր խորհրդականի, որոշ տվյալներով, վճռորոշ պատասխանատվությունը: Հատկապես այն պայմաններում, երբ խոսվում է Մեղրիի օտարման եւ Հայաստանի սահմանի ողջ երկայնքով թուրքական զորքերի կուտակման մասին: Պատերազմի օրերին Վաղարշակ Հարությունյանի հազվադեպ ելույթներն արտահայտում էին բացառապես Ռուսաստանի ակնհայտ մասնավոր շահերի հանդեպ նրա մտահոգությունները՝ Արցախի դեմ ավերիչ պատերազմի, հազարավոր զոհերի ու վիրավորների, հայ բնակչության տեղահանման ողբերգական ֆոնին:

Lragir.am,
21-11-2020 23:57