Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. Արման Թաթոյան

29-11-2020 14:25

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պատպան Արման Թաթոյանը: «Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից: Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է: Հիմա մեզ առավել քան անհրաժեշտ է ունենալ համերաշխություն ու լինել միասնական: Իսկ նշված արատավոր երևույթները միայն ավելացնում են լարվածությունը, խոչընդոտներ են առաջացնում առկա խնդիրների հրատապ լուծումների համար: Սիրելի՜ հայրենակիցներ, խնդրում եմ չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն)»,- գրել է նա:

Lragir.am,
29-11-2020 14:25