Հատվածներ Տիգրան Հայրապետյանի «Թյուրքական աշխարհքաղաքականությունը ռուսական կայսերապետության համատեքստում» անավարտ մնացած աշխատությունից, 1997թ.: Նյութը տրամադրել է Տիգրան Հայրապետյան հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազենի Ղարիբյանը Չնայած հանրապետությունում արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ հետաքրքրության աննախադեպ անկմանը, ինչը նաեւ արդյունք է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին ինֆանտիլ եւ ֆանտաստիկ մոտեցումների արմատավորմանը հասարակական գիտակցության մեջ՝ առաջարկում ենք ծանոթանալ ժամանակակից աշխարհքաղաքական իրողություններից մեկի հետ, որը ձեւավորվել եւ զարգացում է ապրում անկախ մեր կամքից, անկախ մեր կողմից ուշադրության արժանացման աստիճանից եւ ի վերջո անկախ մեր ցանկությունից՝ որեւէ կերպ կարգավորել մեր գործողությունները այդ իրողություններին համապատասխան: Ակնհայտ է, սակայն, որ այն, ինչի հետ բախվել է հայ ժողովուրդը վերջին տարիներին եւ ինչը սպասվում է մեզ ապագայում՝ անմիջականորեն առնչվում է ներկայացվող խնդրին եւ իր հանգուցալուծումն է գտնելու նրա շրջանակներում: «Հիվանդ մարդ», թե՞ հեռանկարային երկիր Շուրջ երկու հարյուրամյակ եւրոպական մայրաքաղաքներում Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական եւ տնտեսական վիճակը գնահատվում էր իբրեւ օրհասական, իսկ օսմանյան ժառանգության առավել յուղալի կտորներին տիրանալու հավակնությունը գրգռում էր Հին աշխարհի լավագույն դիվանագետների երեւակայությունը: Այսօր եւս, Թուրքական Հանրապետության քաղաքական-տնտեսական իրողություններին անդրադառնալիս՝ հառնում է «Հիվանդ մարդու» անխախտ կերպարը, որն այդ երկրի հեռանկարի վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ է ծնում: Միաժամանակ, արդարությունը պահանջում է փաստել, որ չնայած հին եւ նոր Թուրքիաներին պարբերաբար ձոնվող մահախոսականներին, արդեն շուրջ տասներորդ հարյուրամյակն է, ինչ թուրքերն ապրում են լիարժեք կյանքով՝ հաղթահարելով այն բոլոր բնական բարդությունները, որոնց հետ ընդհարվում է ցանկացած երկիր եւ ժողովուրդ նման երկարատեւ ու հագեցած պատմության ընթացքում: Ավելին, թուրքական ակտիվ գործոնի առկայությունը ողջ Եւրոպայում, Միջին Արեւելքում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում եւ անգամ Տակլա-Մականի ավազուտներից մինչեւ Վոլգայի ու Դնեստրի ափերը՝ կարող է թերեւս համեմատվել միայն ժամանակակից գերտերությունների աշխարհքաղաքական ակտիվության ծավալների հետ: Ընդամենը դարասկզբին սեփական կայսրության փլատակների տակ մնալու վտանգից մազապուրծ եղած Օսմանյան կայսրության առանցքային՝ թուրք էթնոսը, դարավերջին իր հեռանկարի ռազմավարության մեջ անկասկած շատ ավելի լայն հորիզոններ է ընդգրկել, քան անգամ այն ժամանակ, երբ անբաժան տիրում էր Սահարայի ավազուտներից ու Ադրիատիկի ափերից մինչեւ Պարսից ծոցն ընկած տարածքը: Նախկին աշխարհակալ տերություններից եւ ոչ մեկը, բացառությամբ թերեւս Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի, չի պահպանել աշխարհքաղաքական այն կարեւորությունը, որ հատուկ է Թուրքիային մասնավորապես եւ թուրքական գործոնին՝ ընդհանուր առմամբ: Թե՛ Իսպանիան, թե՛ Պորտուգալիան կամ Նիդերլանդները վաղուց արդեն եւրոպական ընդհանրության շրջանակներից դուրս ինքնուրույն, ազդեցիկ արտաքին քաղաքականություն չունեն, մինչդեռ Թուրքիան, եթե ոչ հավասարի, ապա անկասկած երկրորդ դերակատարի կարգավիճակով հանդես է գալիս ժամանակակից գրեթե բոլոր կարեւորագույն քաղաքական զարգացումների համատեքստում: Միջինարեւելյան խաղաղ կարգավորման գործընթացը, հետհամայնավարական ողջ տարածքում ռազմաքաղաքական եւ տնտեսական գործընթացներն ընթանում են Անկարայի ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ: Ուստի ապագայի ընկալման որոշակի աստիճանում «21-րդ դարը համայն թուրքերի դարաշրջան» հռչակելու պատասխանատու քայլի մեջ ազգային առաջնորդների հավակնոտության կողքին պետք է տեսնել նաեւ իրականության առարկայական գնահատման հիմքերը: Միաժամանակ, ժամանակակից Թուրքիային անդրադառնալիս՝ արդարացիորեն առանձնացվում են այդ երկրի առջեւ ծառացած, հրատապ լուծում պահանջող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խիստ բարդ խնդիրները, որոնք երկրի ապագայի վերաբերյալ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Ֆինանսական եւ ռազմաքաղաքական հավելաբեռ դարձած, ձգձգվող բնույթ կրող Կիպրոսի խնդիրը, հետսառըպատերազմյան աշխարհքաղաքական համակարգում նոր ծանրակշիռ դեր ստանձնելու եւ գործնականում դրա ձախողման ակնհայտ փաստերը, ֆինանսա-տնտեսական իրավիճակի քրոնիկ անկայունությունը եւ վերջապես՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու քաղաքական ապագան վտանգի տակ դնող քրդական հիմնահարցը, համեմված Հյուսիսային Իրաքի խնդրով՝ այս ամենը հիմք են տալիս քաղաքագետներին հոռետեսորեն նայել Թուրքիայի ապագային: Սրանք բոլորն, անշուշտ, բավական խոսուն փաստեր են եւ թույլ են տալիս 21-րդ դարում Թուրքիայի հեռանկարի վերաբերյալ որոշակի եզրակացությունների հանգել: Սակայն կարծում ենք, որ թուրքական պետության ապագային անդրադառնալիս, արժե հաշվի առնել թուրքական գործոնն ամբողջությամբ եւ դիտարկել խնդիրը շատ ավելի լայն աշխարհքաղաքական համատեքստում, քան դա հիմնականում ընդունված է: Հնարավոր է, որ հենց այս մոտեցման շնորհիվ կարելի կլինի հարթել արդեն ավանդական դարձած հակասությունը օտար քաղաքագետների կողմից արտասանվող մահախոսականների եւ թուրքական լավատեսության՝ «Հիվանդ մարդու» եւ «համայն թուրքերի դարաշրջանի» բնութագրիչների անհամապատասխանելիության միջեւ: Համաթուրքականության առասպելը Դեռ նախորդ դարավերջին, երբ Ստամբուլի իշխող քաղաքական ընտրախավն ու նրա ընդդիմադիրները օսմանականության եւ համաիսլամականության գաղափարների կամ միապետության սահմանադրականացման հիմքի վրա կայսրությունը փրկելու սին հույսեր էին փայփայում, Եւրոպայի եւ Ռուսաստանի հրեական ու թաթարական շրջանակները նախանշում էին թուրքական որակապես նոր, խոստումնալից ռազմավարության ուրվագծերը, ուր համաթուրքականության պարզունակ գաղափարներն անշուշտ սառցաբեկորի երեւացող մասն էին միայն: Արժանահիշատակ է, որ համաթուրքականության գրավիչ առասպելը ոչ այնքան Օսմանյան կայսրության եւ հետկայսերական Թուրքիայի քաղաքական վերնախավերի գործունեության ուղեցույցը դարձավ, որքան չտեղեկացված օտարներից թուրքական ռազմավարության խորությունը քողարկող եւ թուրքական սպառնալիքի դեմ նրանց հարձակումների համար մատչելի խրտվիլակը: Ռուսական կայսրության թուրքալեզու ժողովուրդներով բնակեցված տարածքների խորհրդայնացումից հետո, եւ առանձնապես սառը պատերազմի տարիներին, թյուրքական ընդհանրության գաղափարը պարզ, բայց զանգվածային ներգործության տեսանկյունից՝ բավական ազդեցիկ միջոց էր խորհրդային կարգերի դեմ գաղափարախոսության ոլորտում խափանարարական աշխատանք տանելու համար: Չի կարելի փաստել, թե այդ միջոցի կիրառումը շոշափելի խորքային արդյունքներ տվեց նախկին խորհրդային տարածքում, թեեւ գորբաչովյան վերակառուցման ինքնիշխանությունների շքերթի նախնական փուլում հավատը համաթուրքական համերաշխության եւ փոխաջակցության հեռանկարի նկատմամբ ոգեւորեց Կենտրոնական Ասիայի եւ Ադրբեջանի ժողովրդական լայն զանգվածներին՝ կենտրոնացված խորհրդային պետության դեմ ընդհանուր առմամբ թույլ, բայց նպատակային գործողությունների, ինչպես նաեւ անջատողական տրամադրություններով համակված սեփական ընտրախավերի պաշտպանությանը դիմելու: ԽՍՀՄ փլուզումից հետո, Ադրիատիկից մինչեւ Չինական պարիսպ թյուրքական մոնոլիթ կերտելու՝ Թուրքական Հանրապետության ղեկավարների հավակնոտ հայտարարությունները պատկերավոր ֆոն ստեղծեցին նոր, հետխորհրդային պայմաններում համաթուրքականության առասպելական գործոնի աշխուժացման համար: Դա կոչված էր մի կողմից՝ գաղափարական հենքով ապահովել թուրքական առաքելությունը նախկին խորհրդային տարածքներում, որի տպավորիչ «ձախողումն» ինքնըստինքյան նշանակում էր նաեւ համաթուրքականության գաղափարի սնանկությունը, մյուս կողմից, դա անհրաժեշտ քարոզչական դաշտ էր ստեղծում թուրքական ծավալապաշտական նկրտումներին ուշի-ուշով հետեւող ժողովուրդների ուշադրությունը համաթուրքականության ծեծված խնդրի վրա կենտրոնացնելու եւ աշխարհքաղաքական խորքային գործընթացներից նրանց ուշադրությունը շեղելու համար: 1991-1993 թթ. իրադարձությունների զարգացման ընթացքը ցույց տվեց, որ նախկին Խորհրդային Միություն Թուրքիայի տնտեսական, քաղաքական եւ մշակութային ակտիվ ներթափանցման վտանգի հետեւանքները, մեղմ ասած, չափազանցված էին: Արդեն 1993 թ. վերջին Արեւմուտքի, Ռուսաստանի եւ հենց Թուրքիայի զանգվածային լրատվության միջոցները միահամուռ ազդարարեցին հետխորհրդային հարավում թուրքական առաքելության ձախողման եւ այդ տարածքում թուրքական ազդեցության համեստ սահմանների մասին՝ փափուկ բարձ դնելով ինչպես Հայաստանի ու Իրանի, այնպես էլ Ռուսաստանի այն շրջանակների գլխի տակ, որոնք իրավացիորեն, բայց առանց խորաթափանցության ահազանգում էին համաթուրքականության սպառնալիքի մասին: Կյանքը ցույց տվեց, որ շահագրգիռ երկրներում համաթուրքականության ընկալումը մնում է խիստ ստերեոտիպային՝ պարզագույն մակարդակի վրա, որի հիմքում ընկած են դարասկզբի համաթուրքականության գաղափարի առավել ծայրահեղական գործիչների այն տեսակետները, ըստ որոնց՝ «Եթե ռուսական բռնատիրությունը տապալվի, 30-40 միլիոն թուրք անկախություն ձեռք կբերի: Տաս միլիոն օսմանյան թուրքերի հետ միասին նրանք կկազմեն 50 միլիոնանոց ազգ՝ հասնելով այնպիսի մեծ քաղաքակրթության, որ կարող է համեմատվել կամ անգամ գերազանցել գերմանական քաղաքակրթությունը, իսկ որոշ առումներով՝ անգամ դեգեներատ ֆրանսիական եւ անգլիական քաղաքակրթությունները»[1]: Համաթուրքականության հենց այս, հիմնականում հակառուսական, եւ հետո միայն՝ հակահայկական, հակաիրանական ագրեսիվ, բայց ըստ էության հեղհեղուկ ու ռոմանտիկ ուղղությունն ընդունելով իբրեւ գլխավոր սպառնալիք՝ Երեւանում, Թեհրանում կամ այլուր դրա դեմ պայքարի առաջամարտիկի դերում տեսնում են Ռուսաստանը, որը թուրքական ծավալապաշտական նկրտումների դեմ անսասան պատնեշի պատրանքն է ստեղծում: Ընդ որում, անտեսվում կամ անհրաժեշտ ուշադրության չեն արժանանում համաթուրքականության հիմնադիրների այլ, ոչ պակաս էական գաղափարներն այն մասին, որ թյուրքական ընդհանրության ստեղծումը շոշափելի առաջընթաց քայլ է նաեւ ռուսական պետության համար՝ ռուս-թյուրքական դարակազմիկ նշանակության դաշինքի կերտման ճանապարհին, այդ թվում նաեւ համաթուրքականության հիմնադիրների այն դատողությունները, թե «կայսրության ներսում թուրքական ազգերն ու ազգությունները Ռուսաստանի բնական դաշնակիցն են, եւ որ ցարական պետությունը, ապավինելով իր դաշնակիցներին, հնարավորություն կունենա է՛լ ավելի ընդարձակել ու հզորացնել կայսրությունը»[2]: Պատմական անդրադարձ Ռուսաստանի թյուրքական ընտրախավի կողմից շրջանառության մեջ դրված ռուս-թյուրքական դաշինքի գաղափարները ռուսաստանյան միջավայրի համար ամենեւին էլ նոր չէին, քանզի համանման, բայց փոքր-ինչ շղարշված գիտակցություն էին մշակում նաեւ սլավոնաֆիլերն ու մարտնչող հակաարեւմտականության այլ ուղղությունների ներկայացուցիչները: Այսպես, ռուսական նոր պատմագիտության հիմնադիր, ռուսական մասոնականությանը մոտ կանգնած գրող, հրապարակախոս, պատմաբան Նիկոլայ Կարամզինը, որին սլավոնաֆիլերը համարում էին իրենց հոգեւոր հայրը, Պատմություն Ռուսիո պետության կապիտալ աշխատությունում ջանք չի խնայել XIII դարի թաթարական արշավանքները Կիեւյան Ռուսիայի դեմ բացատրել պոլովցիների խարդավանքներով եւ անգամ ռուսների ստորությամբ: Ըստ Կարամզինի, պատմության ռուս-թաթարական առաջին ընդհարումից առաջ ռուսական բանակի ճամբար ժամանած թաթար դեսպանները կոչ էին անում ռուսներին խաղաղություն պահպանել եւ իրենց հետ համատեղ վրեժխնդիր լինել հին թշնամիներից՝ պոլովցիներից. «Լսել ենք, ասում էին նրանք ռուս իշխաններին, որ դուք պոլովցիներից գայթակղված գալիս եք մեր դեմ, բայց մենք ոչնչով ռուսներին չենք վիրավորել. ձեր հողը չենք մտել, չենք գրավել ո՛չ ձեր գյուղերը, ո՛չ ձեր քաղաքները, այլ միայն ուզում ենք պոլովցիներին պատժել, մեր ստրուկներին եւ ձիապաններին. արդ բարեկամ եղեք մեզ, առիթից օգտվելով այժմ վրեժխնդիր եղեք նրանցից, կոտորեք չարագործներին եւ տիրացեք նրանց հարստությանը»[3]: Ըստ նույն Կարամզինի, ռուսները գոռոզամտորեն վերաբերվեցին թաթարների ուղերձին եւ «մոռանալով ազգային պատվի օրենքները, հրամայեցին սպանել նրանց»: Ռուսական նման անպատվությանը թաթարները պատասխանում են մեծահոգությամբ՝ ուղարկելով երկրորդ դեսպանությունը. «Եւ այսպես, պոլովցիներին լսելով՝ դուք սպանեցիք մեր դեսպաններին եւ կռի՞վ եք ուզում. թող այդպես լինի: Մենք ձեզ չար բան չենք արել: Աստված մեկ է բոլոր ազգերի համար. Նա մեզ կդատի»: Ահա՛ այսպես, ռուսական ստորությամբ եւ թաթարական մեծահոգությամբ, ըստ Կարամզինի, սկիզբ առան թաթարական արշավանքները: Պետք է հաշվի առնել, որ Նիկոլայ Կարամզինը այն հեղինակություններից էր, որոնց վրա հենվել են ռուս պատմաբանների հետագա սերունդները: Թե՛ նա, եւ թե՛ նրա տեսակետները կիսող նովիկովյան մասոնական շրջապատը բավական մոտ էին կանգնած ռոմանովյան արքունիքին եւ բնականաբար որոշակի ազդեցություն ունեին Պետերբուրգի ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Թեեւ խորհրդային պատմագիտությունն ուսուցանում է, որ XIX դարի ռուսական հասարակական-քաղաքական կյանքում վճռորոշ եղավ արեւմտամետների ազդեցությունը, սակայն ռուսական արտաքին քաղաքականության, հատկապես Արեւելյան քաղաքականության առարկայական վերլուծությունը վկայում է, որ ռուս-թյուրքական հնարավոր դաշինքի գաղափարներն այնքան էլ խորթ չէին ռուսական արքունիքին, ինչը եւ ակնհայտորեն արտահայտվում էր Օսմանյան կայսրության նկատմամբ XIX դարի XX դարասկզբի՝ Պետերբուրգի քաղաքականությամբ[4]: Ստորեւ մենք դեռ կանդրադառնանք Կարամզինից եւ սլավոնաֆիլերից մինչեւ Տրուբեցկոյ եւ Սավիցկի, իսկ վերջիններիցս՝ մինչեւ Գումիլյով եւ Զախարով ռուս-թյուրքական դաշինքի ստեղծման գաղափարախոսական, փիլիսոփայական, պատմագիտական, ազգագրական եւ աստվածաբանական հենքի ձեւավորման հետեւողական աշխատանքին: Աշխատանք, որի արդյունավետությանը Հայաստանում խուսափում են անդրադառնալ՝ համաթյուրքականության ստերեոտիպային պատկերացման շրջանակներում ռուսական անսասան պատնեշի մեր իսկ կերտած առասպելը չխորտակելու համար: Այսօր էլ հայերը, պարսիկները եւ համաթուրքականությամբ անհանգստացած այլ ժողովուրդներն իրենց «իրատեսական քաղաքականությունը» մշակելիս՝ իբրեւ թուրքական ծավալապաշտությանն անհաղթահարելի հակակշիռ տեսնում են Ռուսաստանը, իսկ հետխորհրդային ժամանակաշրջանում այսպես կոչված թուրքական առաքելության «ձախողումը» գնահատում են իբրեւ իրենց քաղաքական հաշվենկատությունն անվերապահորեն ապացուցող առարկայական փաստ: Հին առասպել՝ նոր ժամանակների համար Ա. Միջինասիական կաթսան Հետսառըպատերազմյան Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին խոսելիս՝ նախեւառաջ անդրադարձ է կատարվում այն «մեծ առաքելությանը», որ նա Արեւմուտքի եւ առանձնապես Միացյալ Նահանգների բազմակողմանի հովանավորությամբ ստանձնեց նախկին խորհրդային թուրքալեզու հանրապետությունների նկատմամբ: Եվ այս համատեքստում բոլորի մոտ տպավորվել է հանգուցյալ նախագահ Թուրգուտ Օզալի մեծախոսությունը՝ Ադրիատիկից մինչեւ Չինական ծով թուրքական մոնոլիթի կերտման մասին: Ընդունված տեսակետ է, որ Անկարայի գործադրած ջանքերն այդ ուղղությամբ լիակատար ձախողում կրեցին դեռեւս նախագահ Օզալի կենդանության օրոք, երբ պարզ դարձավ, որ թեեւ միջինասիական թուրքալեզու հանրապետություններում իշխանության եկած ավտորիտար վարչակարգերը հաճույքով եւ արագորեն մսխում են թուրքական եւ արեւմտյան վարկերը, սակայն ի դեմս «ժողովրդավարության մոդել» Թուրքիայի՝ իրենց առաջնորդ ճանաչելու եւ նրա քաղաքական կամքն իրականացնելու առանձնակի ցանկություն չունեն: Թերեւս միայն Ադրբեջանի ռոմանտիկ խառնվածքով նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն էր, որ մեծ պատկառանքով Քեմալ Աթաթուրքին կոչում էր բոլոր թուրքերի հայր եւ տանում երկիրը մեծ եղբոր հետ առավելագույն սերտաճմանը, որի համար էլ վճարեց իր նախագահական աթոռով: Մնացած թուրքալեզու հանրապետությունների ղեկավարների անձնական հավակնոտությունն ու զգուշավորությունը Մոսկվայի նկատմամբ շատ ավելի բարձր մակարդակի վրա էր, քան գուցեեւ սպասում էին Անկարայում, կամ անգամ Մոսկվայում: Թուրքմենստանի նախագահ Սապարմուրադ Նիյազովն ինքն իրեն շնորհեց Թուրքմենբաշի՝ «բոլոր թուրքմենների հայր» պատվանունը՝ նվիրվելով առանձին վերցրած հետխորհրդային մեկ հանրապետությունում երկրային դրախտ կառուցելու եւ միջնադարյան ոճի արքայություն կերտելու գործին: Ոչ առանց պաշտոնական Մոսկվայի հավանության, Թուրքմենբաշին կենտրոնացրեց իր ուշադրությունը Իսլամական Իրանի հետ համագործակցության զարգացման վրա, ավելի հոգեհարազատ գտնելով նախագահ Խամենեիի վարչակարգի գերկենտրոնացած կառավարական համակարգը, քան մեծ վերապահումներ պարունակող, բայց այնուամենայնիվ ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող թուրքական տնտեսական-քաղաքական համակարգը: Ուզբեկստանի իշխող ընտրախավը նախագահ Իսլամ Քարիմովի գլխավորությամբ առանց ժամանակ կորցնելու ձեռնամուխ եղավ Կենտրոնական Ասիայում ուզբեկական առաքելությունը կյանքի կոչելու ծրագրին՝ դրսեւորվելով իբրեւ հանրապետության Կոմկուսի նախկին առաջին քարտուղար եւ Խորհրդային Միության թիվ մեկ մարդկանցից մեկի՝ Ռաշիդ Ռաշիդովի արժանավոր հետեւորդ, որը բոլոր միջոցներով ջանում էր ապահովել ուզբեկների գերիշխանությունը խորհրդային Միջին Ասիայում: Թուրքիան բավական հեռու էր Միջին Ասիայից, իսկ Տաշքենդն ինքը բոլոր հնարավորություններն ուներ շրջանային գերտերության դեր խաղալու համար, ինչը եւ փայլուն ցուցաբերեց տաջիկական իրադարձությունների ժամանակ՝ Մոսկվայի աջակցությամբ կազմակերպելով ռազմական ներխուժումը Տաջիկստան՝ տաջիկների զանգվածային ջարդերն ու հետապնդումները նրանց իսկ մայրաքաղաքում: Իմիջիայլոց, 1990թ. Տաջիկստանում սկիզբ առած քաղաքական զարգացումներն այժմ էլ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են իբրեւ նախկին ԽՍՀՄ տարածքում հարատեւող հակամարտություններից մեկը: Այսօր ավելի ընդունված է հետեւել նրա զարգացման դինամիկային՝ մոռացության մատնելով այս արյունալի հակամարտության հիմքում ընկած որոշ նրբությունները: Ուստի կարծում ենք, որ նյութի հետագա շարադրման համար թեկուզեւ հակիրճ ձեւով, անհրաժեշտություն կա անդրադառնալ տաջիկական իրադարձությունների ընդհանուր ուրվագծերին, առանձնապես նրա սկզբնամասին: Լայն հասարակայնության շըրջանում քչերին է հայտնի, որ տաջիկական դեմոկրատական շարժման առաջին բջիջները, որոնց ազդեցությամբ պետք է ձեւավորվեր իսլամական շարժումը, ստեղծվում էին Մոսկվայում (մասնավորապես Տաջիկստանի Դեմոկրատական շարժումը գրանցվել է Մոսկվայի Պերվոմայսկի շրջանում)՝ մոսկվայաբնակ, բարձր հասարակական դիրք գրավող տաջիկների ղեկավարությամբ: Ցայսօր էլ այսպես կոչված չափավոր տաջիկական ընդդիմության գրասենյակները տեղակայված են Մոսկվայում, որտեղ եւ հրատարակվում են ընդդիմության տպագիր օրգանները, որ հետո տարածվում են Տաջիկստանում: Վերոնշյալի մեկնաբանությունը տվյալ նյութին անմիջականորեն չի առնչվում, բայց ակնառու կերպով ցույց է տալիս տաջիկական իրադարձություններին խորհրդային ՊԱԿ-ի մասնակցության աստիճանը: Իսկ դա կարեւոր հանգամանք է, քանզի ողբերգական իրադարձությունները Տաջիկստանում եւ այսպես կոչված իսլամական սպառնալիքի առաջացումը սկիզբ առան այն բանից հետո, երբ անկախ Տաջիկստանի նախագահն իր երկրի համար ընդունեց շահական Իրանի պետական խորհրդանիշները՝ եռագույն դրոշն ու «Առյուծ եւ Արեգակ» զինանշանը: Աշխարհիկ եւ ժողովրդավարության ընդունված սկզբունքներին հակվելու պատրաստ հասարակության կառուցման ավելի խոսուն վստահեցում հնարավոր չէր տալ: Ընդ որում, թե՛ Արեւմուտքը եւ թե՛ առավելապես Ռուսաստանը պետք է որ գոհ լինեին անկախ Տաջիկստանի ընտրությունից, քանզի այս պարագան պաշտոնական Դուշանբեն առավելագույնս հեռացնում էր իրեն Իսլամական Իրանից: Նույն վարչակարգը բավական սառն էր վերաբերվում նաեւ համաթուրքական համագործակցության խնդրին, ինչը կարծես թե լրացուցիչ դրական գործոն էր Միջին Ասիայում իր ազդեցությունը կորցնելու վտանգի առջեւ կանգնած Ռուսաստանի համար: Իրականում, սակայն, Տաջիկստանում կազմակերպվեց եւ իրականցվեց այն, ինչը հայտնի է բոլորին: Տաջիկական իրադարձությունների զարգացման ուղին բավական հետաքրքիր արդյունքների հանգեցրեց: Իսլամ արմատականության դեմ պայքարի պատրվակն օգտագործելով՝ Ռուսաստանը միջինասիական հանրապետությունների վրա ճնշում գործադրելու ազդեցիկ միջոցներ ձեռք բերեց: Միաժամանակ, Մոսկվան առավելապես ներդաշնակեցրեց իր քաղաքականությունը Տաշքենդի հետ՝ հեռու պահելով Ուզբեկստանի իշխող շրջանակներին Արեւմուտքի հետ սերտացման միտումից: Երկրորդ. հակառակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Կենտրոնական Ասիայում իր հանրապետության գերիշխող դիրքերը հաստատելու հավակնությանը, տաջիկական կաթսան ապահովեց Ուզբեկստանի՝ իբրեւ կրոնական արմատականության դեմ գլխավոր թափարգելի, որոշիչ ռազմա-քաղաքական դերը: Իսկ իսլամ արմատականության տարածումից հավասարապես սարսափում էին միջինասիական բոլոր մայրաքաղաքներում, ներառյալ Ալմաթին, եւ սա ազդեցության հավելյալ լծակ էր Մոսկվայի ձեռքին՝ տնտեսական մեծ ներուժ ունեցող եւ Արեւմուտքում գրկաբաց ընդունվող նորանկախ Ղազախստանի քաղաքականության վրա ազդելու համար, ինչը եւ ավարտվեց ղազախական հավակնոտության շոշափելի կրճատմամբ: Երրորդ. մեկընդմիշտ խորտակվեցին ղըրղըզական իշխող ընտրախավի՝ ասիական Շվեյցարիա կառուցելու երկնագույն երազները, եւ այսօր, ըստ ռուսական եւ արեւմտյան աղբյուրների, Ղըրղըզստանի տարածքում իսլամ արմատականների բջիջների այնպիսի լայն ցանց կա, որ ցանկացած պահին այն կարելի է վերածել երկրորդ Տաջիկստանի: Եվ վերջապես՝ չորրորդ կարեւոր արդյունքն այն էր, որ տաջիկական իսլամ արմատականության օրինակը շահարկելով՝ նախագահ Քարիմովի վարչակարգը, իսկ հետո նաեւ մյուս միջինասիական առաջնորդները հիմնավորեցին ժողովրդավարական ազատությունների սահմանափակման, ցանկացած, այդ թվում նաեւ՝ ազգայնական ընդդիմությունը չհանդուրժելու իրենց քաղաքականությունը, ինչն իմիջիայլոց որոշ սեթեւեթանքից հետո ներվեց թե՛ ռուս եւ թե՛ արեւմտյան մարտնչող ժողովրդավարների կողմից: Վերը նշվածը շատ համառոտ ցույց է տալիս, թե ինչպես իսլամական սպառնալիքի ձեւավորման եւ ուզբեկական մեծապետության խաղարկման շնորհիվ Ռուսաստանի շահագրգիռ շրջանակներին հաջողվեց բացառել միասնական համաթուրքական առանցքի ձեւավորման ստերեոտիպային տարբերակն արդեն իսկ սաղմնային վիճակում: Տարբերակ, որն իսկապես արմատապես հակասում է Ռուսաստանի ազգային շահերին: Իսկ օրորոցում արյան մեջ խեղդելով տաջիկ ժողովրդի ազգային ինքնագիտակցության զարթոնքը՝ Ռուսաստանը բացառեց ազգայնական ուժերի հաղթարշավը նաեւ թուրքալեզու հանրապետություններում, առանց որի Կենտրոնական Ասիայում Անկարայի քաղաքական դոմինանտի հաստատման հակառուսական ուղղվածությունը հաղթել չէր կարող եւ չհաղթեց: Բ. ռուս-թուրքական տնտեսական մրցակցության էությունը Բայց արդյո՞ք կարելի է այս ամենից հետեւություն անել, որ Անկարայում նման պարզ հաշվարկները տեղ չունեին, եւ արդյո՞ք ամեն ինչ այդքան անմխիթար էր Թուրքիայի համար, որքան ներկայացվում է արեւմտյան, ռուսական եւ հենց բուն թուրքական աղբյուրների կողմից: Համաշխարհային մամուլը տիտղոսակիր մասնագետների մասնակցությամբ շրջանառության մեջ դրեց «նախկին խորհրդային թուրքալեզու հանրապետություններում ռուս-թուրքական մրցակցության» գաղափարը, եւ իբրեւ թե այդ մրցակցության մեջ Թուրքիայի պարտությունն է, որով փաստվում է Անկարայի առավելագույն ձախողումը հետխորհրդային շրջանի իր ռազմավարական առաքելության մեջ: Ի վերջո, եթե խոսքը միջինասիական հանրապետությունների բնական հարստությունների հաշվին թուրքական տնտեսական հրաշքն ապահովելու մասին է, ապա վերջինիս ձախողումն իսկապես ակնհայտ է: Անշուշտ չի բացառվում, որ թուրքական ընտրախավի որոշ պարզամիտ ներկայացուցիչներ նման հույսեր էին տածում եւ շարունակում են տածել, սակայն հազիվ թե հիմքեր կան կարծելու, որ նման մտայնությամբ էր առաջնորդվում նաեւ Թուրքիայի ապագայով մտահոգ բազմազգ քաղագիտական միտքը: Մոսկովյան կենտրոնի զգոն վերահսկողությունից ազատված հանրապետական ընտրախավերը վերջապես հնարավորություն էին ստացել լիարժեք տնօրինություն սահմանել ազգային հարստության վրա եւ իրենց հայեցողությամբ ազատ վատնել այն: Միամտություն կլիներ կարծել, որ նրանք կհանդուրժեին որեւէ նոր զսպող մեխանիզմի ձեւավորումը: Իսկ տնտեսական համագործակցության թուրքական եւ արեւմտյան առաջարկները բոլոր վերապահումներով հանդերձ հիմնվում էին շուկայական բնականոն օրենքների վրա, ինչն ինքնըստինքյան սահմանափակում էր միջինասիական իշխող վերնախավերի հնարավորությունները եւ ուստի վերջիններիս համար ընդունելի չէր: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ թուրքալեզու հանրապետություններում շատ վաղ ըմբռնեցին, որ մեծածավալ եւ անվերահսկելի եկամուտները ավելի հեշտ է ստանալ ռուսական շուկային միանալու, քան բծախնդիր եւ զգալիորեն օրինապահ արեւմտյան շուկային ինտեգրացվելու միջոցով: Իսկ արեւմտյան վարկերն ու ներդրումները, որ այդ շրջան էին հասնում հիմնականում Թուրքիայի, արեւմտամետ իսլամական երկրների եւ Իսրայելի միջոցով, ինչպեսեւ բոլոր մյուս հետխորհրդային հանրապետությունների պարագայում, կոչված էին ապահովել իշխող վարչակարգերի կայունությունը՝ միաժամանակ այլասերելով ազգային-քաղաքական ընտրախավը, որ հանգիստ պորտաբուծում է այդ վարկերի հաշվին, դրանով իսկ բացառելով ռազմավարական տեսանկյունից խիստ կարեւոր միջինասիական շրջանում անվերահսկելի գործընթացների առաջացման հնարավորությունը: Ի վերջո, հենց Արեւմուտքի կողմից Թուրքիայի վարկավորման համեստ չափերը, որից եւ Անկարան մասնաբաժին էր հանում կրտսեր եղբայրներին՝ սեփական ազատ գումարների բացակայության պատճառով, վկայությունն էին այն բանի, որ միջոցները տրամադրվում էին տնտեսական ներթափանցման իմիտացիայի, բայց ոչ երբեք մեծածավալ տնտեսական էքսպանսիայի համար: Թուրքական տնտեսական ներթափանցման իմիտացիան, ինչպեսեւ արեւմտյան եւ իսրայելյան բազմաթիվ ծրագրերը կոչված էին ապահովելու կերատաշտը, որի շուրջ պետք է ձեւավորվեր թուրքալեզու, մասամբ նաեւ անգլալեզու ուսյալ հասարակությունը՝ մրցակցելով, իսկ ժամանակի ընթացքում՝ դուրս մղելով ռուսալեզու մտավորականությանը: Եթե հաշվի առնենք, որ անգամ խորհրդային տարիներին ռուսալեզու եւ սովետականացված կենցաղով ապրող բնակչության ընդհանուր քանակը միջինասիական հանրապետություններում համեմատականորեն չնչին տոկոս էր կազմում եւ հիմնականում ընդգրկում էր ուսյալ մտավորականության ոչ մեծ մասը, ապա հասկանալի կդառնան լեզվի ընտրության հարցում բնակչության այդ ստվար հատվածի, եւ հատկապես երիտասարդության կողմից նախապատվելի լեզվի նոր ընտրության հետեւանքները: Սա սոսկ միջինասիական երեւույթ չէ, եւ այսօր նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում տեղի է ունենում միեւնույն գործընթացը՝ ռուսախոս ընտրախավի փոխարինումը անգլախոս կամ որեւէ այլ լեզվով մասնագիտացող ընտրախավով: Նույնը տեղի է ունենում անգամ Ռուսաստանում, ուր նոր ռուսների երիտասարդ սերունդն անգլերենի (իսկ Հեռավոր Արեւելքում նաեւ չինարենի կամ ճապոներենի) վարժ տիրապետումը առաջնային է համարում անգամ մայրենի լեզուն գրագիտության բավարար աստիճանով տիրապետելուց: Եթե անգամ ընդունենք, որ Միջին Ասիայում որոշակի փուլում տեղ ուներ Արեւմուտքի կողմից միջնորդված թուրք-ռուսական տնտեսական մրցակցություն, ուր թուրքերը ակնհայտ անհաջողության մատնվեցին, ապա ավելի կարեւոր հարցում՝ ազգային ընտրախավերի ձեւավորման գործում, ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Արեւմուտքը առարկայական պատճառներով անկասկած ավելի հաջողեցին, քան Ռուսաստանը: Բիսմարկն ասում էր, որ 20-րդ դարում համաշխարհային տիրապետության հարցը կախված է առաջին հայացքից ոչ այնքան էական գործոնից՝ Միացյալ Նահանգներում խոսում են ոչ թե գերմաներեն, այլ անգլերեն: Բայց եթե ռուսական շուրջ 150-ամյա տիրապետությունն ու անգլո-ամերիկյան ներթափանցումն այժմ արդեն միջինասիականից կենտրոնականասիական վերանվանված շրջան կարող էր ձեւավորել սոսկ ռուսալեզու կամ անգլալեզու ընտրախավի սահմանափակ շերտը, ապա Թուրքիայի մշակութային, կրոնական, լեզվական եւ խոշոր հաշվով քաղաքակրթական վերահաստատումը ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլեւ նախկին ԽՍՀՄ թուրքալեզու ժողովուրդներով բնակեցված այլ տարածքներում՝ Խակասիայից մինչեւ Հյուսիսային Կովկաս, ռազմավարական տեսակետից շատ ավելի կարեւոր է, քան աղմուկ հանած նավթային գործարքներից սոսկ տեսականորեն ակնկալվող շահաբաժինները: Գ. ռուս-թուրքական քաղաքական մրցակցության պատրանքը Ռուս-թուրքական տնտեսական մրցակցության եղելության մասին վերջնական եզրակացությունը թողնելով ընթերցողին, անդրադառնանք այսպես կոչված ռուս-թուրքական քաղաքական մրցակցության խնդրին: Ինչպեսեւ առաջին դեպքում, որեւէ լուրջ հիմքեր չկան պնդելու նախկին խորհրդային թուրքալեզու հանրապետություններում ռուս-թուրքական քաղաքական մրցակցության առկայության մասին: Հետխորհրդային ողջ ժամանակաշրջանում Անկարան այդպես էլ չստեղծեց որեւէ թեկուզեւ տնտեսական ուղղվածության կազմակերպություն, որը կմիավորեր Թուրքիան եւ եղբայր հանրապետությունները մեկ տանիքի տակ: Տնտեսական համագործակցության կազմակերպությունը կամ առավել եւս՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհուրդը, իրենց կառուցվածքով իսկ համաթուրքական ֆորումի վերածվել չէին կարող: Անկարայի նախաձեռնությամբ կազմակերպվող գագաթաժողովները, ողջ արտաքին լրջությամբ հանդերձ, հավելյալ վարկերի պահանջներից եւ Անկարայի կողմից դրանք երբեւիցէ տրամադրելու խոստումներից այն կողմ հիմնականում չեն անցնում: Ոչ միայն գլոբալ համագործակցության, այլեւ այնպիսի տեղայնացված խնդրում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, եղբայրական հանրապետությունները ոչ մի անգամ թեկուզեւ ձեւական ընդհանուր հայտարարի չեկան՝ չնայած պաշտոնական Բաքվի հորդորներին եւ Անկարայի գործադրած «ճնշմանը»: Եթե կարող է խոսք գնալ ռուս-թուրքական քաղաքական մրցակցության մասին, ապա դրա միակ իրական դաշտը պետք է համարել Ադրբեջանը, ուր մրցակցության իմիտացիան կոնկրետ ուրվագծեր է ձեռք բերել: Ղարաբաղյան հակամարտությունը եւ Ադրբեջանի անհաջողությունը, որ հանգեցրել է հանրապետության տարածքի շուրջ 20%-ի կորստին՝ Թուրքիայի թերեւս ամենամեծ փորձությունն էր մրցակցության իմիտացիան իրական դիմակայության չվերածելու ճանապարհին: Եթե Կենտրոնական Ասիայում առանց որեւէ միջոցների գործադրման, Ռուսատանի անմիջական աջակցությամբ Տաջիկստանը քաղաքական կախվածության մեջ ընկավ եղբայրական Ուզբեկստանից, ապա Լեռնային Ղարաբաղի հետ Ադրբեջանի դիմակայության ընթացքն առայժմ առաջինիս լիակատար հաջողվածության պատրանքն է ստեղծում: Պատրանք, որին այսօր հազիվ թե լրջորեն են վերաբերվում ԼՂՀ եւ Հայաստանի քիչ թե շատ տեղեկացված շրջանակները: Ուրեմն ի՞նչ կոնկրետ արդյունքների հասան Ռուսաստանն ու Թուրքիան հետխորհրդային թյուրքալեզու հարավում ռուս-թուրքական մրցակցության իմիտացիայի ուղղությամբ իրենց համատեղ ջանքերով: Մենք գիտակցաբար օգտագործում ենք «համատեղ ջանքեր» արտահայտությունը, որովհետեւ ստորեւ կհամոզվենք, որ ցայսօր ստացված արդյունքները լիովին համապատասխանում են թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ռուսաստանի ազգային շահերին: Այդ շահերի ընդհանրությանն ու ոչ հեռավոր հեռանկարում դրանց բախմանը մենք դեռ կանդրադառնանք, երբ կներկայացնենք տափաստանի ժողովուրդների եւ վելիկոռուսների ռազմավարական դաշինքի վրա հենվող «Եւրասիականության գաղափարի» իրական էությունն ու նրա համատեքստում ռուս-թուրքական շահերի ընդհանրության ողջ պատկերը: Իսկ առայժմ անդրադառնանք արդյունքներին: Նախ, նորանկախ ԱՊՀ հանրապետություններից ամենաբարվոք եւ անցման շրջանում ամենաքիչը տուժած կետերը Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներն են: Ավելին, տափաստանի ժողովուրդները ներկայացնող ռուսական ինքնավարություններից եւ ոչ մեկը տնտեսական քայքայման այն մակարդակը չունի, ինչը հատուկ է բուն Ռուսաստանի Դաշնության ռուսաբնակ մարզերի գերակշռող մեծամասնությանը: Թուրքական կամ ռուսական ապավինությանը հենվող հնդեւրոպացի օսերը, կովկասյան ծագումով ինգուշներն ու չեչենները հավասարապես դժբախտ են, քանզի իրենց ծագումնաբանական անհամապատասխանելիության պատճառով ռուս-թյուրքական աշխարհքաղաքական ընդհանուր նպատակներով պայմանավորված պաշտպանվածությունը չունեն, եւ ուստի նրանցով բնակեցված տարածքները ազատ կերպով վերածվեցին խանձված հողի՝ ծառայելով անցման փուլի մարտավարական խնդիրների լուծմանը: Իսկ չէ՞ որ ըստ էության ավելի տրամաբանական պետք է լիներ, եթե Մոսկվան իր ռազմական ողջ հզորությունն ուղղեր մեծածավալ հարստություններ պարունակող Թաթարստանի կամ ասենք Սախա-Յակուտիայի ինքնավարական բացարձակությունների զսպմանը, որն ինչպես հայտնի է՝ տեղի չունեցավ: Ռուսաստանը, որ իր քաղաքականությամբ ուղղակի եւ անուղղակի իմաստով քարը-քարին չթողեց Հայաստանում, Վրաստանում, Օսեթիայում, Չեչնիայում եւ անգամ եղբայրական Ուկրաինայում, ոչ մի վնասաբեր գործողություն չձեռնարկեց Եւրասիայի կերտման իր ապագա դաշնակիցների դեմ, առավելագույնս պահպանելով, իսկ որոշ, առավել կարեւոր կետերում, ինչպես ասենք Թաթարստանն է ու Ղրիմը, է՛լ ավելի ամրապնդելով թյուրքական գործոնն ու էթնիկական տարրը: Եւ ամենեւին պատահական չպետք է համարել այն փաստը, որ թե՛ ռուս եւ թե՛ արեւմտյան քաղաքական դիտորդների կարծիքով հետխորհրդային տարածքում բարոյահոգեբանական աննախադեպ անկման պայմաններում ամենակայուն էթնոմշակութային միավորը թյուրքական ժողովուրդներն են: Ծնելիության անկումը, մշակութային լճացումը, ընտանիքի ինստիտուտի եւ հասարակական կյանքի այլ վճռորոշ օղակների այլասերումը հիմնականում չեն շոշափել թյուրքական միավորը, իսկ առանցքային ուղղություններով նա իսկական վերածնունդ է ապրում: Այս առումով անշուշտ բացառություն է կազմում Ադրբեջանը, բայց Եւրասիական կայսրության կերտման մեծ խաղի մեջ նրան վերապահված առանցքային դերն առանց մեծ կորուստների կատարել հնարավոր չէր, եւ հետո, հայերի, իսկ հեռանկարում բացառված չէ նաեւ՝ Իրանի հաշվին ակնկալվող տարածքային ձեռքբերումները լիովին կփոխհատուցեն ադրբեջանցիների զոհողությունները: Ռուս-թուրքական մրցակցության իմիտացիայի երկրորդ խոշոր ձեռքբերումը նախկին ԽՍՀՄ թյուրքական բնակչության թավշյա թուրքացումն էր եւ ազգային գիտակցության արմատավորման սահուն, առանց ցնցումների ճանապարհի ընտրությունը, ինչը եւ հիմնականում պայմանավորեց տնտեսական, հասարակական-քաղաքական կայունությունը: Ինչպեսեւ այլ խորհրդային հանրապետություններում, թյուրքական հանրապետություններում ու ինքնավարություններում առկա էին վերակառուցման ալիքի վրա իշխանության ձգտող կեղծ-ժողովրդավարական ուժերը, որոնք ազգային հարստության վերաբաշխմանը մասնակցելու իրենց ձգտման մեջ պատրաստ էին պարզելու ազգայնականության կամ կրոնական արմատականության դրոշը: Ակնհայտ էր, որ նոր ուժերի հաղթանակի դեպքում թյուրքական տարածքները կվերածվեին այնպիսի մի սարսափելի արնոտ կաթսայի եւ կավերվեին այնաստիճան, որ նրանց դաշնակցությամբ ոչ մի եւրասիական կայսրություն կերտել հնարավոր չէր լինի: Միաժամանակ, ռազմավարական խնդիրները պահանջում էին, որպեսզի հետխորհրդային տարածքի թյուրքական աշխարհը թե՛ ազգային եւ թե՛ կրոնական վերածնունդ ապրի, թեեւ ե՛ւ ազգայնականության, ե՛ւ կրոնական զգացումների արմատավորումը ճանապարհ էր բացում հենց նոր ուժերի հաղթարշավի համար: Բայց պերեստրոյկայի խելագար ու արյունալի կաթսան թյուրքերի համար չէր նախատեսված, եւ ուստի, կուսնոմենկլատուրայի ուժեղ բռունցքի վրա հենվելով՝ մոսկովյան ռուս-թաթարական իշխող ընտրախավին եւ Անկարային հաջողվեց կանխել սիրողական նացիոնալ-լիբերալների հաղթանակը թյուրքական որեւէ կենտրոնում, ինչը տարածվեց անգամ Ադրբեջանի վրա, ուր ռոմանտիկ ու տաքարյուն Էլչիբեյի անմիտ պոռթկումներին արագ փոխարինելու եկավ Ալիեւի զուսպ համբերատարությունը: Հակառակ դեպքում, ղարաբաղյան ցավոտ, բայց մեծ խաղի շրջանակներում տակտիկական նշանակության սովորական խնդիրը բացարձակացնող պատեհապաշտ ժողովրդավար-ազգայնական Էլչիբեյը անմիտ պերմանենտ պատերազմում կսպառեր ադրբեջանցի ժողովրդի ներուժը՝ խախտելով քաղաքական զարգացումների տրամաբանությունը: Պետք է արժանին հատուցել թյուրքական ընտրախավերին, Մոսկվայի ու Անկարայի նրանց ուղղորդողներին, որոնց հաջողվեց բազմամիլիոնանոց թյուրքական հատվածի մեջ արմատավորել ազգայինը՝ առանց ազգայնական ծայրահեղության (կրկին բացառությամբ Ադրբեջանի) եւ վերականգնել կրոնական նվազագույնն առանց արմատականության ընդգծված դրսեւորման, ու այդ նպատակին, ինչպես արդեն վերը նշվեց, ծառայեցվեց տաջիկական ողբերգությունը: Անգամ Արեւմուտքն ու ռուսական ծայրահեղ ժողովրդավարները, որոնք հաճախ մեղադրանքներ էին թափում պաշտոնական Տաշքենդի, Ալմաթիի եւ առավել հազվադեպ՝ Աշգաբադի վրա՝ ազգայնական ու կրոնական ընդդիմության նկատմամբ հրեշավոր պատժամիջոցների կիրառման համար, միաժամանակ ընդունում էին, որ, ասենք, Ուզբեկստանի պարագայում «Էրկի» կամ «Բերլիկի» իշխանության հասնելու դեպքում Ֆերգանայի դրախտային բազմազգ հովիտը կվերածվեր այնպիսի արյունածոր դժոխքի, որի հանդարտեցման համար չէր բավարարի ՄԱԿ-ի խաղաղապաշտպան ուժերի ողջ կազմը: Երրորդ էական արդյունքն այն էր, որ ռուս-թուրքական մրցակցության իմիտացիան եւ նրանում Թուրքիայի տպավորիչ պարտությունը հանգստացրեց Ռուսաստանի ժողովրդական լայն զանգվածների եւ ռուսական իշխող վերնախավի՝ հասկանալի պատճառներով բանից անտեղյակ այն հատվածին, որը խանդոտ վերաբերմունք ուներ համաթուրքականության առասպելի դրսեւորումների նկատմամբ: Մոսկվան հաղթեց, որպեսզի ինքը հռչակեր եվրասիականության գաղափարները իբրեւ հենց ի՛ր, սեփական ազգային շահերից բխող հեռանկար, ինչը եւ լիովին համապատասխանում է թյուրքական ընտրախավի հետապնդած նպատակներին: ———————————————————- [1] Tekin Alp, The Turkish and Pan-Turkish Ideal, London, 1990, p. 83 [2] Էմմա Բեգիջանյան, «Համաթուրքականության գաղափարախոսական ուղղվածությունը եւ հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում», Հայացք Երեւանից, տարի 1, թիվ 3, 1995, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոն: [3] Николай Карамзин, “История Государства Российского”. [4] Տե՛ս նախորդ հոդվածը: