Իրանի հետախուզությունը միջուկագետ գիտնականի սպանության կազմակերպիչների մասին տեղեկություն է ստացել

29-11-2020 23:59

Իրանի հետախուզական ծառայությունները տեղեկություններ են ստացել միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանության կազմակերպիչների մասին, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնը: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կիրակի հայտնել Է Իրանի տեղեկատվության նախարարությունը: «Հետախուզության գործողությունների շնորհիվ տվյալներ են ստացվել ահաբեկչական հարձակման կազմակերպիչների մասին», – հաղորդագրության տեքստը մեջբերում է Fars գործակալությունը: Նշվում է, որ այդ տեղեկությունը կհրապարակվի ավելի ուշ: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մասնագետի սպանության մեջ Իսրայելի հետքն է նկատվում: Երկրի Մեջլիսի (խորհրդարանի) Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպվել է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ: Ավելի վաղ՝ կիրակի օրը,  Fars գործակալությունը հայտնել էր, որ իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեն տեղաշարժվել է զրահապատ ավտոմեքենայով, սակայն սպանվել է հեռակառավարվող ավտոմատ զենքից, երբ դուրս է եկել մեքենայից: Նշվում է, որ գիտնականն իր կնոջ հետ Ռոստամկալա քաղաքից (Իրանի հյուսիսի Մազանդերան նահանգ) ուղևորվում էր դեպի Թեհրան նահանգի Աբսարդքաղաք: Նրան ուղեկցել են պահպանության երեք մեքենաներ: Պահակախմբի առաջին մեքենան առաջ է անցել իրավիճակը ստուգելու համար: Դրանից հետո Ֆահրիզադեի ուշադրությունը գրավել են ավտոմեքենային փամփուշտների հարվածելու ձայները: Նա դուրս է եկել մեքենայից՝ դրանք սխալմամբ ընդունելով շարժիչի հետ կապված խնդիրների ձայնի հետ: Գիտնականի վրա կրակոցներ են արձակվել Nissan ավտոմեքենայից, որը գտնվում էր մոտ 150 մետր հեռավորության վրա: Ընդ որում, կրակահերթն իրականացվել է հեռավար կառավարման ավտոմատ հրաձգային զենքից: Այնուհետեւ Nissan-ը պայթեցվել է: Մահափորձի կազմակերպիչները տեղում չեն եղել:

Lragir.am,
29-11-2020 23:59