ՔԻՊ-ը կոչ է անում վերականգնել Արծվաշենի նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը

30-11-2020 09:58

Հաշվի առնելով, որ այս օրերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ իրականացնում են սահմանազատման աշխատանքներ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով և վերականգնում Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանները, որոնք խախտվել էին հայ-ադրբեջանական պատերազմների ժամանակ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում սահմանազատում իրականացնողներին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանություններին, ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը վերաներառել ՀՀ պետական սահմանի մեջ, վերականգնել Արծվաշենի նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը և ՀՀ տարածքային ամբողջականությունը, հնարավորություն ստեղծել, որ արծվաշենցիները վերադառնան իրենց բնակավայրերը և վերականգնեն իրենց սեփականության և քաղաքացիական իրավունքները: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն նաև խոստանում է, որ կնախաձեռնի իրավական գործընթաց նրանց դեմ, ովքեր Արծվաշենի նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը վերահաստատելու հարցում հանցավոր անգործություն կամ անուշադրություն կցուցաբերեն սահմանազատման ներկա գործընթացում և այն ամրագրող փաստաթղթեր ստորագրելիս: Հիշեցնենք, որ ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը բռնազավթվել է (որոշ տվյալներով՝ փոխանակվել է) Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին, և ցայսօր գտնվում է օկուպացված կարգավիճակում:  «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝  Կարեն Հեքիմյան

Lragir.am,
30-11-2020 09:58