Երեք նոր նամականիշ` նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային

30-11-2020 11:45

2020 թվականի նոյեմբերի 30-ին Հայփոստի կողմից շրջանառության մեջ է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: 240 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Վայոց ձորի մարզի Ագարակաձորի կամուրջը (մ.թ. XIII դ.). այն գտնվում է Արփա գետի վրա, Ագարակաձոր գյուղից 2,5 կմ դեպի արևմուտք: Միակամար կամուրջը գործել է մինչև 1970-ական թվականները: 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շիրակի մարզի Մարմաշենի վանքը (մ.թ. X-XI դդ.): Մարմաշենի վանքը տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին, հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թվականներին: 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարը (մ.թ. VI դ.): Երերույքը եռանավ բազիլիկ է՝ երեք զույգ խաչաձև մույթերով, չորս անկյուններում երկհարկ սենյակներով: Ունի հարուստ դեկորատիվ հարդարանք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ յուրաքանչյուրը 10 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է դիզայներ Վահագն Մկրտչյանը: 240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը: Թողարկման օրը` 30 նոյեմբերի 2020թ. Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի Լուսանկարները՝ Զավեն Սարգսյանի Տպարանը` Cartor, Ֆրանսիա Չափսերը` 40,0 x 24,0 մմ Մեկ թերթի վրա՝ 10 հ. Տպաքանակը՝ 10 000 h. x 3 «Հայփոստ» ՓԲԸ

Lragir.am,
30-11-2020 11:45