Մեր ազգի մեջ կան ազգասեր ու խենթ նվիրյալներ, որոնք կարող են շրջել պատմության այս տխուր էջը. Հայր Զաքարիա

30-11-2020 11:45

Արտագաղթի ուրվականը կրկին շրջում է Հայոց աշխարհում, իսկ ժողովրդագրական աղետը վաղուց չոքել է մեր դռանը: Վերջին պատերազմում ծանր պարտությունից հետո հայրենազրկումը և անորոշությունը վտանգել են նաև Հայաստանի Հանրապետության ապագան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: «Արտագաղթի ուրվականը կրկին շրջում է Հայոց աշխարհում, իսկ ժողովրդագրական աղետը վաղուց չոքել է մեր դռանը: Վերջին պատերազմում ծանր պարտությունից հետո հայրենազրկումը և անորոշությունը վտանգել են նաև Հայաստանի Հանրապետության ապագան: Այլևս Արցախի հարցը չէ, այլ մեր մի բուռ Հայրենիքի: Բազում ինչուներ պատասխաններ են ուզում: Շատեր կորցրել են հույսը, հավատը և լավատեսությունը, անիմաստ են համարում իրենց ապրած կյանքի վերջին տասնամյակներն ու զոհողությունները: Որոշ հատված էլ ապրում է այնպես ասես որևէ բան չի պատահել, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Ինձ սարսափեցնում է հատկապես մարդկանց արտագաղթելու ցանկությունը․ ո՛չ արդարացնում եմ, ո՛չ էլ մեղադրում: Վերջին օրերին շատերից եմ լսում, որ սպասում են սահմանների բացմանը: Ճանաչածս մարդիկ Հայաստանում բիզնեսներ ունեն, կայուն աշխատանք և ապրելու խնդիր չունեն: Բայց նրանք էլ են հուսալքված, իրենց զավակների ապագան այլևս Հայրենիքում չեն տեսնում: Պարզից էլ պարզ է, որ այս ամենից հետո սին խոստումներով կամ բարձրագոչ հայտարարություններով երկիրը կամ մարդկանց հնարավոր չէ պահել: Մեզ պետք են այնպիսի մարդիկ, որոնք իրենց նախանձախնդրությամբ և ոչ ստանդարտ լուծումներով կկարողանան երկիրն այս անդունդից հանել և մարդկանց հույս ներշնչել ապագայի հանդեպ: Իսկ այդ հույսը կարող է արտագաղթելու ցանկություն ունեցողներից շատերին մտափոխել: Արտագաղթը գուցե լուծում է անձնական տեսանյունից, բայց ողբերգություն՝ ազգի համար: Ես հավատում եմ, որ մեր ազգի մեջ կան ազգասեր ու խենթ նվիրյալներ, որոնք կարող են շրջել պատմության այս տխուր էջը: Աստված պահապան լինի ամենքիս»,- գրել է Հայր Զաքարիան:

Lragir.am,
30-11-2020 11:45