Խոցված տանկեր, ավտոտեխնիկա․ ճանաչենք մեր հերոսներին

30-11-2020 00:16

Ճանաչենք մեր հերոսներին Նորօրյա մեր հերոսներից է սերժանտ Նարեկ Մյասնիկի Կարապետյանը: Հարավարևելյան հատվածում մղված պաշտպանական մարտերի ընթացքում ոչնչացրել է թշնամական հինգ տանկ: Պաշտպանական գծի նույն հատվածում սերժանտ Գառնիկ Արմանի Կարապետյանը խոցել է հակառակորդի մեկ տանկ, իսկ սերժանտ Արա Վարդանի Վարդանյանը՝ մեկ ավտոտեխնիկա: Թշնամական ուժերին պատկանող հինգ տանկ ու մեկ Կամազ էլ ոչնչացրել է կրտսեր սերժանտ Հայկ Արարատի Ղազարյանը: Կապիտան Հովհաննես Արսենի Գևորգյանը աչքի է ընկել հյուսիսային ուղղությամբ մղված մարտերում՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ: Խիստ վտանգավոր հատվածներում անձնակազմին սնունդ է հասցրել և թիկունքային ապահովումն իրականացրել մայոր Տիգրան Իլյիչի Հարությունյանը: Հարավային հատվածում, թշնամական դիվերսիոն-հատախուզական խմբերը ոչնչացնելիս, անձնակազմի ղեկավարումը հմտորեն կազմակերպել ու անձնական արիությամբ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Ռաֆիկ Գարիկի Քալաշյանն ու կրտսեր սերժանտ Արմեն Անդրանիկի Մարտիրոսյանը, լեյտենանտ Խաչիկ Արագածի Խաչիկյանը: Սերժանտ Գուրգեն Գևորգի Մահտեսյանը հակառակորդի կրակի տակից տարհանել ու փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք: Մարտական գործողությունների ակտիվ շրջաններում անձնակազմի հետ բարոյահոգեբանական արդյունավետ աշխատանքներ է իրականացրել, և նաև թշնամական դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման դեմ անձամբ մասնակցել փոխգնդապետ Հարություն Պատվականի Մնացականյանը: Մարտական առաջադրանքները անձնվիրաբար կատարելիս առանձնացել են շարքայիններ Մամիկոն Արտակի Ասատրյանը, Սասուն Հրաչյայի Թովմասյանը, Դիմա Մարզպետի Հուսիկյանը, Արման Վռամի Իրիցյանը: Հրետակոծության ժամանակ խոցված սպառազինությունը և ռազմական տեխնիկան տարհանել և յուրային զորքերին զինամթերք է մատակարարել բանվոր-ծառայող Նվեր Ռոմիկի Քարամյանը: Փառք մեր հերոսներին:

Lragir.am,
30-11-2020 00:16