ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնն անընդունելի է համարում ընդունելության քննությունների ցանկում հայոց լեզվի ընտրովի լինելը

04-12-2020 17:33

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու և գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը, ասված է ամբիոնի տարածած հայտարարությունում: «ՀՀ Կառավարության` 2020 թ. նոյեմբերի 26-ի նիստում հաստատվեց 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը: Բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Ընդ որում, մայրենին այլընտրանքային է հաստատվել` որևէ օտար լեզվի հետ զուգակցվելով: Ավելին, այն ոչ մրցութային է համարվել ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում: Մինչդեռ տակավին գործող ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը` «Կրթության լեզուն», հստակ սահմանում է. «Հայաստանի Հան­րա­պետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»»,- ասված է հայտարարությունում: Ամբիոնի կարծիքով` կորոնավիրուսի համավարակի և բուհերի ինքնավարության կեղծ հիմնավորումներով շրջանցվել է օրենքի պահանջը, և հայոց լեզուն` որպես ազգային կրթական կարևորա­գույն բաղադրիչ, կրկին ստորադասվել է այլ արժեքների: «ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու և գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը. հայոց լեզուն դեռևս ՀՀ պետական, կրթական, պաշտոնական լեզուն է և պետք է գտնվի պետական անվերապահ հոգածության ներքո, ոչ թե օրենքի շրջանցմամբ հարմարեցվի առանձին անհատների ուղղորդվող նախասիրություններին»,- նշված է ամբիոնի տարածած տեքստում:

Lragir.am,
04-12-2020 17:33