ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող օրինագծին

04-12-2020 18:21

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակցություն ներկայացրեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը դեկտեմբերի 4-ին կայացած նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով: Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է»,- ասաց Խոջոյանը: Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը: Օրենքի նախագիծը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում:

Lragir.am,
04-12-2020 18:21