ՀՖՖ-ն ՈԻԵՖԱ-ից 2,25 միլիոն եվրո պարգևավճար չի ստացել Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար

04-12-2020 18:49

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընտրանու Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար ՈՒԵՖԱ-ից չի ստացել 2,25 միլիոն եվրո պարգևավճար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մամլո ասուլիս ժամանակ այս մասին խոսեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Իրականում մենք չենք ստացել 2,25 միլիոն եվրո գումար: Ես ինքս փորձեցի ճշտել տեղեկության սկզբնաղբյուրը և որքան հասկացա այն սխալ թարգմանության հետևանք է: Անգլիական մամուլում կա գումարի բաշխման մեխանիզմը, որը վերաբերում էր ոչ թե այս Ազգերի լիգայի խաղարկությանը, այլ` նախորդին: Մենք նման գումար չենք ստացել, բայց դեմ չենք լինի ստանալուն»,-ասաց Մելիքբեկյանը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի հաղթանակի շնորհիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ից կստանա մոտ 2,25 միլիոն եվրո: A, B դիվիզիոնների ենթախմբերում հաղթած թիմերը համապատասխանաբար կստնան 3 և 4,5 միլիոն եվրո: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

Lragir.am,
04-12-2020 18:49