Պետությունը պետք է հստակ մեխանիզմներ մշակի, թե ինչպես է մարդկանց կացարաններով ապահովելու

Հայաստանի կառավարությունը պետք է հստակ մեխանիզմներ մշակի՝ Արցախից Հայաստան տեղափոխված անձանց կացարանային խնդիրների լուծման ուղղությամբ: Lragir.am-ի հետ զրույցում այս խնդրին անդրադառնում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, ով այս փուլում զբաղվում է Հայաստան տեղափոխված արցախցիների աջակցության ծրագրերով: Հայաստանի հյուրատները, որոնք կացարան էին տրամադրել արցախցիներին, արդեն մարդկանց դուրս են հանում: «Տևական ժամանակ այդ հյուրատները մարդկանց պահել են, բայց պետության կողմից փոխհատուցում չի եղել: Պետությունը հստակ պետք է պայմանավորվի այդ բոլոր հյուրատների հետ, որպեսզի ոչ թե մարդկանց հանեն, այլ շարունակեն գոնե ձմռան ամիսներին պահել, որովհետև եթե անգամ հնարավոր լինի հիմա տուն գտնել, ձմեռային պայմաններին հարմարեցված տուն գտնելը շատ դժվար է»,- ասաց նա: Նշենք, որ կառավարության վերջին նիստում որոշում ընդունվեց, ըստ որի ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն քաղաքացիներին, ովքեր իրենց բնակարանները կամ տները այս փուլում տրամադրում են արցախցիներին: Յուրաքանչյուր չափահաս անձի մասով ՀՀ-ում 30 հազար դրամի չափով փոխհատուցվող գումար է նախատեսվում: Իսկ եթե հյուրընկալողը Արցախի Հանրապետությունում է կացարան տրամադրում, փոխհատուցման չափը մեկ անձի համար ամսական 45 հազար դրամ կկազմի: Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր Հայաստանում վարձակալությամբ բնակարան գտնելը դժվարացել է: Ըստ նրա՝ դիմումները շատ են, երբ մարդիկ կացարան են փնտրում: «Կացարանով ապահովելու հարցը շատ խնդրահարույց է: Արցախցիներից շատերն այսօր իրենց ազգականների տանն են բնակվում, բայց դա էլ անվերջ չի կարող լինել, անհնար է, որ երկարաժամկետ բնակություն հաստատեն հարազատի տանը: Վարձակալությամբ բնակարաններ գտնելը լուրջ խնդիր է: Այսինքն՝ պետությունը պետք է հստակ մեխանիզմներ մշակի, թե ինչպես է մարդկանց կացարաններով ապահովելու: Կան որոշ տարածքներ, օրինակ՝ գիշերօթիկ դպրոցները, պետական բալանսում գտնվող շենքերը, որոնք անհատների ու տարբեր կազմակերպությունների աջակցությամբ բերվում են բնակելի վիճակի: Բայց պատկերացրեք, դա բավական քիչ է այն հոսքի համեմատ, որը կա: Այսինքն՝ պետք է մտածել կամ տարածքներ գտնելու, դրանք բնակելի դարձնելու ուղղությամբ՝ խոսքը սոցիալական բնակարանաշինության մասին է: Կամ պետք է  մտածել բավական լուրջ ներդրումներ կատարելու և տներ գնելու ու վերաբնակեցնելու մասին»,- ասաց նա: Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում Հայաստանի մարզերում են ապաստանել: «Տարբեր մարզերում են նրանք հիմնականում բնակություն հաստատել, Երևանում նրանք են, ովքեր հարազատներ ունեն կամ ի վիճակի են բնակարան վարձակալել: Նրանք համաձայն են մարզերում բնակվել, նույնիսկ ասում էին՝ ավելի լավ է մարզում ինչ-որ առանձնատուն լինի, որ մի քանի ընտանիքով միավորվեն ու բնակվեն: Բայց դա էլ խնդիր է, որովհետև ձմռան ամիսներին ջեռուցման խնդիր կա, մարդիկ ինչպե՞ս պետք է վճարեն կոմունալ վճարները»,- նշեց նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
04-12-2020 19:07