Իրանն ու Եվրոպան ստորագրում էին Կովկասի «աստանայացման» թղթերը

04-12-2020 19:20

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ահաբեկիչների ազդեցության տարածման եւ դրանից բխող խնդիրների կանխման անհրաժեշտությունը: Նախօրեին Իրանի ուժայինները երկրի հյուսիս-արեւմտյան շրջանում բացահայտել են ահաբեկչական խոշոր խմբավորում, զինանոցով, որը պատրաստվում էր գործողությունների: Հյուսիս-արեւմտյան սահմանը ձգվում է Արցախի օկուպացված հարավից Նախիջեւան եւ Թուրքիա: Օրերս Թեհրանում սպանվեց Իրանի միջուկային ծրագրի ղեկավարներից մեկը, եւ տեղեկություններ կան, որ այդ գործողությունը «կառավարվել» է այդ շրջանից: 2016-ի փետրվարին Թեհրանում Ալիեւի հետ ստորագրելով այն ժամանակ դեռեւս հայկական վերահսկողության տակ գտնվող Խուդափերինի ՀԷԿ համատեղ շահագործման մասին համաձայնագիրը, Թեհրանը թերեւս վստահ էր դրության տեր լինելու հարցում, թեեւ համաձայնագիրը փաստացի վերածվեց այդ գոտին թուրքական կառավարման հանձնելու «լիազորագրի»: Ընդ որում, հատկանշական է, որ այսօր, Ժոզեֆ Բորելի բնորոշմամբ՝ շրջանի «աստանայացման»՝ ռուս-թուրքական համաձայնությունից եւ իր դիրքի կորստից տրտնջում է նաեւ Եվրոպան: Այն Եվրոպան, որը 2016-ի նույն ժամանակահատվածում Ալիեւի ձեռքը ագրեսիայի թուղթ էր տալիս Ղարաբաղի հյուսիսի՝ Սարսանգի ջրամբարի օգտագործման «մարդասիրական» հարցով: Իրանն ու Եվրամիությունը դեռեւս 2016-ին ստորագրում էին Կովկասի «աստանայացման բարաթները»:

Lragir.am,
04-12-2020 19:20