Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնը

04-12-2020 20:47

Այս շաբաթ հայտնի է դարձել, որ Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են պայմանագիր Ղարաբաղում հրադադարը վերահսկելու համատեղ կենտրոն ստեղծելու վերաբերյալ, սակայն մանրամասները չեն հրապարակվում: BBC-ի ռուսական ծառայությունը փորձել է տեղեկանալ, թե որտեղ է տեղակայվելու այդ կենտրոնը: Երկու ադրբեջանցի պաշտոնյա հայտնել են BBC-ին, որ Մոսկվայի հետ բանակցությունների ժամանակ հիմնականում քննարկվել է կենտրոնի տեղակայման վայրի երկու տարբերակ՝ Գյանջայում կամ Բարդայում, սակայն թուրքական կողմը առարկել է Գյանջայում տեղակայմանը, քանի որ այդ քաղաքը չափազանց հեռու է խաղաղապահների հսկողության գոտուց: Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմադիվանագիտական շրջանակներում աղբյուրները պարզաբանել են, որ երկու կողմերը պայմանավորվել են դեռեւս չհրապարակել կենտրոնի գտնվելու հստակ վայրը, ուստի անգամ անանունության պայմաններում լրագրողների հետ զրույցում նրանք հրաժարվել են խոսել հստակ վայրի մասին, սակայն մի քանի հուշում են արել: Այսպես, Թուրքիայի հատուկ ծառայությունում աղբյուրը, որն անմիջականորեն հետեւել է բանակցությունների ընթացքին, հայտնել է, որ այն կտեղակայվի ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքից 15 կմ հեռավորության վրա:

Lragir.am,
04-12-2020 20:47