GPS-ով սահմանազատված Կոռնիձորի միակ ճանապարհի երեք կողմում ադրբեջանցիներ են

04-12-2020 23:46

Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքը դեկտեմբերի 1-ին Արցախի Քաշաթաղի շրջանի՝ Ադրբեջանին անցնելուց հետո սահմանամերձ է դարձել: Համայնքի վարչական ղեկավարի տեղակալ Արկադի Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղն այժմ սահմանից առավեագույնը 400 մետր է հեռու, իսկ հայկական դիրքերը՝ գյուղից 200: «Ահագին առաջ ենք եղել, ամսի 1-ին հետ ենք եկել 8 կմ: Դե ինչ անենք՝ պետական սահմանը էդտեղով է անցնում, բանը դա է, սահմանը GPS-ով են գծում: Ժամանակին՝ 23 թվին, էդ տարածքը մեր գյուղինն է եղել, ասել են՝ վարելահող է եղել, տվել են թուրքերին, տենց էլ մենք տուժել ենք: Հիմա գյուղի միակ ճանապարհի երեք կողմով իրենք են: Կյանքի ճանապարհն է, դա էլ մեր կյանքի ճանապարհն է․․․»,- ասաց նա: Գյուղի դիրքերը պահում է տեղացիներից կազմված ջոկատը: «Գյուղի ազգաբնակչությունն է միայն, օգնող ուժեր չունենք: Մարդը, որ երկու օր պետք է կանգնի, 5 օր է կանգնում, 10 օր պետք է կանգնի, 15 օր է կանգնում: Անցած ամսի 20-ից դիրքեր ենք պահում»,- ասաց Արկադի Խաչատրյանը՝ նշելով, որ գյուղացիների տրամադրությունը վատ չի․ «Մենք մեր գյուղն ենք պահում, դրանով ենք մտածում, որ արդար գործ ենք անում»: Գյուղի արոտավայրերի եւ արտերի զգալի մասը մնացել են սահմանից այն կողմ: «Գյուղատնտեսության պրոֆիլը պետք է փոխենք, պետք է ջերմոցային տնտեսությամբ զբաղվենք, ինտենիսվ անասնաբուծությամբ»,- նշեց մեր զրուցակիցը: Կոռնիձորը 1050 բնակիչ ունի, գյուղից, Արկադի Խաչատրյանի խոսքով, այս պահին արտագաղթ չկա:

Lragir.am,
04-12-2020 23:46