Եթե կարանտինը երկարաձգելու դեպքում պայմանները չեն փոխվելու, մեծ վնասներից կարող ենք խուսափել

Հայաստանում համավարակով պայմանավորված կարանտինը վեց ամսով երկարաձգելու դեպքում պետք է համապատասխան աշխատանք տարվի այլ երկրների հետ, որպեսզի տուրիզմի և ծառայությունների ոլորտը չտուժի այս գործընթացներից: Զբոսաշրջության ոլորտը փլուզումից փրկելու կոնկրետ ծրագրեր պետք է իրականացվեն: Այս խնդրին Lragir.am-ի հետ զրույցում անդրադառնում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծը, որով առաջարկվում է կարանտինը երկարաձգել 6 ամսով: Ըստ նախարարության հիմնավորման՝ կարանտինի երկարաձգումը հնարավորություն է տալիս պահպանել առկա կարգավորումները՝ շարունակելով այնպիսի միջոցառումների իրականացումը, ինչպիսիք են դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը և այլն: Կան մտահոգություններ, որ այս որոշման հաստատման դեպքում տնտեսությունում վնասներ կարող են լինել: Մասնավորապես, հնարավոր հարվածի տակ կարող են հայտնվել ծառայությունների ու տուրիզմի ոլորտները: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ իրենք դեմ են կարանտինը երկարաձգելու նախաձեռնությանը, քանի որ տնտեսությունը հնարավորինս բաց պետք է աշխատի: Մեխակ Ապրեսյանն ասում է, որ եթե կարանտինը երկարաձգելու դեպքում պայմանները չեն փոխվելու, այսինքն՝ լրացուցիչ սահմանափակումներ չեն լինելու, մեծ վնասներից կարող ենք խուսափել: «Հիմա արդեն մեզ մոտ կարգն այնպիսին է, որ արտերկրից կարող են գալ, եթե ունենան թեստի բացասական պատասխան, հանգիստ կարող են մուտք գործել երկիր զբոսաշրջային նպատակներով: Բայց եթե լրացուցիչ խստացումներ արվեն, սահմանային անցման գործընթացը բարդացվի, դա արդեն կարող է բացասաբար անդադառնալ: Մենք, իհարկե, հանրային առողջությունն ու մարդկանց անվտանգությունն ապահովելու առաջնահերթ խնդիր ունենք, բայց շատ կարևոր է, որ դա անենք այնպես, որ զուգահեռ և տնտեսությունը, և զբոսաշրջությունը չտուժեն»,- ասում է նա: Բացասական ազդակ կարող է լինել այն, որ այլ երկրներում տեղեկություններ լինեն Հայաստանում սահմանված կարանտինի մասին: Զբոսաշրջիկները կարող են խուսափել այցելել Հայաստան: Հետևաբար, պետք է ճիշտ աշխատանք տանել: «Մենք այսօր նաև մի քանի առաջարկներ են ներկայացրել պետական կառույցներին, այդ թվում՝ նաև, որ մենք ընդհանրապես և կորոնավիրուսի, և պատերազմի հետևանքների հետ կապված բոլոր դիվանագիտական խողովակներով ու հարթակներով պետք է անենք ամեն ինչ, որ Հայաստանը չհայտնվի արտգործնախարարությունների ցանկերում, որոնցով խորհուրդ չի տրվում այդ երկրներ այցելել: Այսինքն՝ մենք ամեն ինչ պետք է անենք, որ աշխարհում մեզ չդիտարկեն վտանգավոր երկիր, խորհուրդ չտրվող երկիր, նույնիսկ եթե կարանտին է, ճիշտ հասկանան այդ կարանտինը»,- նշում է Մեխակ Ապրեսյանը: Տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներն այս տարի ոլորտի վերականգնում են կանխատեսում: Ըստ Ապրեսյանի՝ եթե տարածաշրջանում չլինի պատերազմական իրավիճակ, տուրիզմի վերականգնում է սպասվում: Իհարկե, դա հնարավոր է, եթե նաև կորոնավիրուսի նոր տեսակն աշխարհում դարձյալ խառնաշփոթ չառաջացնի, որովհետև հնարավոր է, որ որոշ երկրներ նաև իրենք փակվեն, թույլ չտան, որ իրենց քաղաքացիները ճամփորդեն: «Մենք էլ ամեն ինչ պետք է անենք, մեր բոլոր ուժերը համախմբենք, որ զարգացում լինի, բայց դրա համար պետք է աշխատել: Արդեն հետաքրքրվողներ ու հուսադրող հարցումներ լինում են մեր ոլորտում: Մենք առաջին հերթին կորոնավիրուսով, և պատերազմի հետևանքներով պայմանավորված զբոսաշրջության ոլորտը փլուզումից փրկելու միջոցառումներ պետք է իրականացնենք, որ ինքն էլ իր հերթին վերականգնվի և մեր տնտեսության վերականգնմանը նպաստի: Եթե մենք ասում ենք՝ պետք է վերականգնենք տնտեսությունը, մի բան էլ երկնիշ տնտեսական աճ ունենանք, դա առանց զբոսաշրջության հնարավոր չէ իրականացնել: Պետք է զբոսաշրջությունը պահպանենք, հետո դա օգտագործենք այդ նույն լավ նպատակների համար», հավելում է նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
08-01-2021 23:52