Բաքուն գերիների հարցը ձգձգում է հատուկ նպատակով

12-01-2021 14:00

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին: «Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում դեկտեմբերի 28-ին հասցեագրել է նամակ՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Կիզակետում Շիրակի մարզից 62 հայ զինծառայողների հարցն էր: Մեր տղաների հետ կապված ներկայացվել էր, որ Ադրբեջանն իրականացրել է Պաշտպանության նախարարության և անվտանգության ծառայությունների համատեղ հակաահաբեկչական միջոցառում, հայտնաբերել են 62 հայ զինծառայողների, որոնք, իրենց ձևակերպմամբ, գլխավորապես Շիրակից են: Նրանք ձերբակալված են, նրանց նկատմամբ իրականացվում են քննչական վարույթներ: Եվ նշվում է, որ նրանք Հայաստանից ուղարկվել են, իրենց ձևակերպմամբ, Ադրբեջանի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: Եվ դրա հիման վրա արվում են նաև քաղաքական եզրահանգումներ: Այդ եզրահանգումների թվում է այն, որ կոչ է արվում ՄԱԿ-ին համոզել Հայաստանին, որպեսզի չխախտի իրենց տարածքային ամբողջականությունը: Այդ թվում՝ նաև հարց է բարձրացվում, որ Հայաստանը խախտել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը»,- ասաց Թաթոյանը: Նա նշեց, որ Ադրբեջանն ակնհայտ քաղաքականացնում է հայ գերիների հարցը: Անթույլատրելի է հետպատերազմական այս փուլում մարդասիրական ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելը, որովհետև դա արդեն իրենից ներկայացնում է կոպիտ խախտում: Միջազգային պահանջների համաձայն՝  ռազմագերիները կամ քաղաքացիական գերիները ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն իրենց երկրներ: Նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն արգելվում է, նրանց կալանավորելն ու ձերբակալելը դիտվում է որպես պատիժ և նույնպես արգելվում է: Ավելին, ըստ պաշտպանի, այս հարցերի արհեստական ձգձգումը նույնպես արգելվում է, և դա նույնպես պատերազմական հանցագործություն է: Այս ամենն ամրագրված է միջազգային կոնվենցիաներով և հատկապես 1949 թ. Ժնևի երրորդ կոնվենցիայով, որի պահանջները տարածելի են նաև Ադրբեջանի նկատմամբ: «Կարևոր է ընդգծել, որ գերիների հետ կապված հարցի քաղաքականացումը բացարձակապես անթույլատրելի է: Իրականում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ասում է՝ կողմերն իրականացնում են գերիների և կողմերի մոտ պահվող անձանց փոխանակում: Շատ վատ է, որ ժամկետ չկա, նաև անհապաղը չկա այդ փաստաթղթում: Բայց այստեղ կարևորը հենց դա է, որ այս պահանջը մյուսներից անկախ է ոչ միայն այն առումով, որ կապ չունի քաղաքականության հետ, այլ որ այս պահանջը նաև միջազգային պահանջ է: Եթե տարածքային և մյուս հարցերում կողմերը կարող են պայմանավորվախություններ ձեռք բերել, փոխել ժամկետները, աշխատել, այս հարցով չկա նման բան, սա միջազգային իրավունք է»,- հավելեց նա: Թաթոյանի խոսքով՝ այսօր, սակայն, Ադրբեջանը այն գիծն է տանում, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը վերաբերում է միայն նոյեմբերի 10-ից առաջ եղած իրավիճակների նկատմամբ: Սա նույնպես անթույլատրելի է, հայտարարության՝ գերիների վերաբերյալ կետը նաև նոյեմբերի 10-ից հետո իրավիճակի վրա պետք է կիրառելի լինի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերն ունեն գերիներ, որոնք մեծ հաշվով կապված են այս պատերազմական գործողությունների հետ: «Իրենք իրականացնում են իրավական գործընթացների բացահայտ չարաշահում: Ինչո՞ւ, որովհետև իրավական արհեստական գործընթացներով քողարկում են նրանց վերադարձի հարցերը: Ավելին, իրենք մեր տղաների ձերբակալությունը փորձում են ներկայացնել, որ իբր Հայաստանը խախտել է եռակողմ հայտարարությունը: Ես ուզում եմ ասել, որ ադրբեջանական մարմիններն են խախտել այդ եռակողմ հայտարարությունը, որովհետև պրակտիկան ցույց է տալիս, որ անգամ նրանց պահվածքը հակասում է այդ հայտարարությունն ստորագրած երեք կողմերի մտադրություններին: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցեց չէ՞ Քարվաճառում այն երկու հանցանք կատարած և դատապարտված անձանց: Ադրբեջանն ակնհայտորեն ձգձգել է գերիների վերադարձը: Նրանք դա անում են հատուկ նպատակով՝ մեր հասրակաությանը հոգեկան տառապանք պատճառելու, լարվածություն առաջացնելու համար»,- հավելեց նա: Պաշտպանն ասաց, որ բոլոր միջոցները գործադրում են գերիների վերադարձի ուղղությամբ: Նա նշեց, որ օրերս իր այցը Ռուսաստան ևս այս հարցի հետ էր կապված, սակայն չի կարող մանրամասներ փոխանցել:

Lragir.am,
12-01-2021 14:00