ՔԿ-ն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցրել է

12-01-2021 14:58

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»-, ասաց Եգանյանը: 2020թ. հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորմամբ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011 թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014 թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018 թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

Lragir.am,
12-01-2021 14:58