Արարատի մարզը սպասարկող երթուղային ընկերություններին փոխադրավարձի վերաբերյալ ևս մեկ զգուշացում է տրվել

13-01-2021 19:25

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ ՀՀ Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը նրանց ևս մեկ զգուշացում է տվել` փոխադրավարձի ապօրինի բարձրացման առնչությամբ: «Տրանսպորտի անվտանգության աշխատակիցների մշտադիտարկումների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացված ահազանգերի  արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզը սպասարկող ընկերությունների կողմից հունվարի 1-ից  ապօրինի կերպով՝ առանց Լիազոր մարմնի կողմից համապատասխան որոշման,  բարձրացվել են մի շարք երթուղիների փոխադրավարձերը՝ առաջացնելով երթուղիներից օգտվող քաղաքացիների դժգոհությունը»,- ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում: Ընկերությունների պատասխանատուները ներկայացրել են իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմնավորումները փոխադրվարձի սակագնի բարձրացման առնչությամբ: Ընդգծել են նաև, որ դիմել են լիազոր մարնին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարությանը, և ներկայացրել իրենց հիմնավորումներ՝ վերանայելու  նշված երթուղիներում մրցույթի պայմանները: «Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ սույն խնդրի վերաբերյալ կազմակերպություններին ուղարկվել է գրավոր նախագուշացում և տրվել է 5 օրյա ժամկետ՝  խախտումը վերացնելու համար: Բանավոր կերպով ևս մեկ անգամ հայտնեց, որ մինչև մրցութային հանձնաժողովի համապատասխան որոշումը՝ փոխադրավարձը բարձրացնելու կամ  նույնությամբ թողնելու վերաբերյալ,  ընկերությունները պարտավոր են երթուղիները սպասարկել մրցույթի պայմաններով սահմանված սակագներով: Փոխադրավարձի ինքնակամ բարձրացումը կարող է հիմք հանդիսանալ երթուղու սպասարկման իրավունքից զրկման»,- նշված է հայտարարությունում: Բանավոր և գրավոր նախազգուշացումներից հետո, եթե ընկերությունների ներկայացուցիչները շարունակեն իրականացնել ուղևորափոխադրում՝ խախտելով մրցույթի արդյունքներով սահմանված պայմանները, Տեսչական մարմինը տրված ժամկետը լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով կիրառելու է պատասխանատվության խիստ միջոցներ: Տեսչական մարմինը սկսել է լայնածավալ մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում՝  նմանատիպ  բնույթի խախտումները բացառելու նպատակով:

Lragir.am,
13-01-2021 19:25