Ադրբեջանը ռազմական բախում կսադրի՞ Արցախում

Վլադիմիր Պուտինը զանգել է Ռեջեբ Էրդողանին եւ պատմել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին, ովքեր, Պուտինի խոսքով, տրամադրված են հարաբերությունների կարգավորմանը, խաղաղ կյանքի հաստատմանը գործակցելու պատրաստակամությանը, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Էրդողանն աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին ղարաբաղյան կարգավորման հարցում, հանդես եկել Ռուսաստանի ու Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակման օգտին, այդ թվում՝ ի շահ տարածաշրջանի տնտեսական զարգացման ու փոխշահավետ նախագծերի առաջխաղացման: Առանձին շոշափվել են հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ձեւավորման որոշ ասպեկտներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչ Պուտինն Էրդողանին զեկուցում էր Փաշինյանի ու Ալիեւի հանդիպման արդյունքների մասին, Արցախում եռակողմ համաձայնության հերթական խախտումն է տեղի ունեցել: Ստեփանակերտից ոչ հեռու կրակ են բացել հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց ուղղությամբ, ծանր վիրավորվել է 20-ամյա զինծառայող: Վերջին մի քանի օրերին Արցախում հաճախակի են դարձել հիմնականում օդ կրակոցներն ադրբեջանական կողմից: Այս անգամ կրակը թիրախային էր: Հայկական կողմը չի պատասխանում կրակով: Ռուս խաղաղապահները նույնպես չեն խառնվում: Ադրբեջանը ռազմական բախում կսադրի՞ Արցախում: Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախում, փաստացի, միայն հայկական կողմի հրավերով: Ալիեւը չի ստորագրել ռուս խաղաղապահների տեղակայման մասին համաձայնագիրը: Ռուս խաղաղապահների այդ կարգավիճակը եւ Արցախում խաղաղություն ապահովելու ունակությունը հարցեր է առաջացնում: Թե՞ ռուս խաղաղապահներն այլ առաքելություն ունեն Արցախում:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
13-01-2021 19:31