Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծն արժանացել է ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը

13-01-2021 21:02

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե: «Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերով: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու են մրցութային կարգով: Նախագծով Հակակոռուպցիոն ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, ունի անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ` ստանդարտացված թեստային համակարգերով կամ Կառավարության սահմանած կարգով ստուգվող լեզվական գիտելիքների B1 մակարդակի իմացություն և այլն»,- նշել է Բադասյանը: Օրենսդրական փաթեթը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում:

Lragir.am,
13-01-2021 21:02